հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրից բարձրակարգ մասնագետներ

Մարզադպրոցների մարզիչներին վերապատրաստման հնարավորություն կտրվի. ՀՀ կժամանեն արտերկրից բարձրակարգ մասնագետներ

2023 թվականին ԿԳՄՍՆ-ն կազմակերպել էր արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորում, որում ներառված էին նաև մարզադպրոցների մարզիչները: Ատեստավորման մասնակցության ցուցանիշները հավելյալ վկայում են այն մասին, որ վերապատրաստման գործող կարգը վերանայելու և նոր վերապատրաստումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 3-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ երկու տարվա ատեստավորման արդյուքներով 12 մարզաձևերից ատեստավորմանը մասնակցել են 272 մարզիչ-մանկավարժ կամ այդ մարզաձևերի մարզիչների շուրջ 22,64 տոկոսը: Նրանցից ատեստավորվել են 55-ը կամ այս մարզաձևերի մարզիչների 5 տոկոսը:

«Խնդիրների կարգավորման համար նախաձեռնել ենք վերապատրաստման այս ծրագիրը, որի նպատակն է ապահովել մարզիչների պրակտիկ փորձի շարունակականությունը, նաև ապահովել միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ վերապատրաստումների շրջանակում արտերկրից բարձրակարգ մասնագետներ կհրավիրնեն ՀՀ՝ ըստ մարզաձևերի:

«Խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ այսօր մեր մարզադպրոցներում աշխատող 2100 մարզիչներին, վերապատրաստումն իրականացվելու է 3 օր տևողությամբ ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով»,- ասաց նա՝ հավելելով, որ վերապատրաստումը կիրականացվի մարզական ֆեդերացիաների հետ համատեղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով մարզիչների կարիքները:

«Գիտելիքը, հմտությունը հագուստի նման է, այսինքն՝ ժամանակի ընթացքում կարող է մաշվել, եթե նույնիսկ ժամանակի ընթացքում չմաշվի (կարող է 70 թվից հագուստ ունենք, ընդհանրապես մաշված չէ), բայց մեծ օձիքներով է և այլն, փողոց դուրս գալիս չենք հագնում, չէ՞, որովհետև մտածում ենք՝ տարօրինակ տեսք կունենանք: Նույնն էլ գիտելիքն է, եթե ափդեյթ չի արվում, չի լրացվում, ժամանակը առաջ է գնում»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց՝ ծրագիրն ամենամյա է լինելու, վերապատրաստումներին ամեն տարի մասնակցելու է մարզիչների 20 տոկոսը:

  • Կիսվել: