հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՍԱՏՄ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՍԱՏՄ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ կողմերի միջև համագործակցության շրջանակ ստեղծելու համար, որի նպատակը Հայաստանի ամբողջ բնակչությանն անվտանգ և որակյալ սնունդի հասանելիությամբ ապահովելն է։ Հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Սա ձեռք կբերվի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև փոքր ֆերմերային տնտեսությունների գիտելիքների կարողությունների մեջ ներդրումներ կատարելու միջոցով, ընդ որում՝ համագործակցության արդյունքը կլինի այն, որ պարենային արժեշղթաներում ընդգրկված մանր ֆերմերները և ՓՄՁ-ները կմեծացնեն իրենց գիտելիքները սեփական գործունեության շրջանակում սննդամթերքի անվտանգության նվազագույն չափորոշիչներն ապահովելու մասին։

Տիկին Սկաուն հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կատարված առաջին քայլը դրական արդյունքներ կապահովի հետագա նպատակային համագործակցության համար: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է ներդնել հասանելի բոլոր ռեսուրսները սննդամթերքի անվտանգության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և փոխգործակցության լայն ասպարեզ ապահովելու համար:

  • Կիսվել: