հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդը․ նախագիծ

Կսահմանափակվի տեսալսողական մեդիաոլորտում շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդը․ նախագիծ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագիծը։

Գործող օրենսդրությունը թույլ է տալիս ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կարող են նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների անվանումների կամ ապրանքային նշանների հետ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ռադիո- կամ հեռուստաալիքներ, որոնց անվանումները մարդկանց մոտ կարող են ասոցացվել խաղային բիզնեսի հետ` ըստ էության դառնալով անուղղակի գովազդ:

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նախագծով առաջարկում է սահմանել, որ տեսալսողական մեդիամիջոցների անվանումները չեն կարող նույնական կամ շփոթության աստիճանի նման լինել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների, որոնք վերջին 10 տարում զբաղվել են այդ գործունեությամբ, անվանումների կամ ապրանքային նշանների հետ:

«Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը հեղինակազորման իրավունք է ստանում ՀՌԱՀ-ի կողմից, և որի անվանումը շփության աստիճանի նման է այնպիսի ապրանքանիշի, որն զբաղվել է շահումով խաղով, տոտալիզատորով և այլն։

Մենք մեր գործարարների, մեր բիզնեսի հետ խնդիր չունենք, մենք խնդիր ունենք խաղամոլության դեմ պայքարի հետ։

Մեր նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն փոխել իրենց անվանումները և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք վերջին 10 տարվա ընթացքում կապ չեն ունենա խաղային ոլորտի հետ»,- ասաց Պապոյանը։

  • Կիսվել: