երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի նաեւ Շիրակի մարզում

Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի նաեւ Շիրակի մարզում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում հաստատեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրն ուղղված է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև կառավարման գործընթացի բարելավմանն առաջնային բուժօգնության կազմակերպման մակարդակում:

1 մլն ԱՄՆ դոլարի տրամադրման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում էր սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ:

Ծրագիրը մեկնարկվել է 2021 թվականի հունվարի 19-ից՝ ՀՀ Լոռու մարզում, այնուհետ շարժական մամոգրաֆը տեղակայվել է ՀՀ Տավուշի մարզում, իսկ ներկայում ծրագիրը շարունակվում է ՀՀ Սյունիքի մարզում:

Իրականացված հետազոտությունների արդյունքները փաստում են դրամաշնորհային ծրագրի բարձր արդյունավետության և սոցիալական նշանակության մասին։ Մեկնարկից ի վեր՝ մինչ 2023թ-ի փետրվարի 28-ը իրականացվել է 18 652 մամոգրաֆիկ հետազոտություն, որից 5209-ը՝ Տավուշի մարզում, 3333-ը՝ Լոռու մարզում:

 Ախտորոշումը հստակեցնելու նպատակով՝ 1361 կին ուղեգրվել է լրացուցիչ հետազոտություններ: Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ:

Ուղեգրված 1361 կնոջից 867-ն անցել են լրացուցիչ հետազոտություններ (մյուսները՝ չեն այցելել), 205 կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը հաստատվել է և 198 հիվանդի տրամադրվել է անվճար  մասնագիտացված բուժօգնություն:

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսակետից և ՀՀ 3 մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքում տնտեսված գումարը, առաջարկվել է դրամաշնորհային ծրագրում ներառել նաև ՀՀ Շիրակի մարզը։

  • Կիսվել: