«Կորովկա» ապրանքանիշի միայն մեկ արտադրատեսակ չի համապատասխանել սահմանված նորմերին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես տեղեկացրել ենք, ամառային սեզոնին ընդառաջ վերահսկողություն է սկսել պաղպաղակի շուկայում:
Ձեզ ներկայացվել են հայրենական արտադրության պաղպաղակների վերաբերյալ վերահսկողական միջոցառումները՝ նշելով, որ ստուգվելու են նաև ներմուծված պաղպաղակները:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել պաղպաղակ ներմուծող «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում և, լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար, կատարվել է հսկիչ գնում 16․06․2025թ. ներմուծված մի շարք պաղպաղակներից (ապրանքանիշը՝ «Կորովկա»):
Ըստ հետազոտության արդյունքների՝ ներկայացված նմուշներից միայն մեկը` Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում (արտադրված 07․03․2025թ, պիտանիության ժամկետը 18 ամիս, 100 գրամանոց), աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
Մյուս երեք արտադրատեսակներում (պաղպաղակ պլոմբիր վանիլային վաֆլե բաժակով (արտադրված 06․03․2025թ, պիտանի է մինչև 06․09․2026թ 100 գրամանոց), շոկոլադե պաղպաղակ պլոմբիր վաֆլե բաժակով (արտադրված 21․04․2025թ, պիտանի է մինչև 21․10․2026թ, 100 գրամանոց), պլոմբիր վանիլային մրգային սև հաղարջով ջնարակ միջուկով (արտադրված 25․04․2025թ, պիտանի է մինչև 25․04․2026թ, 100 գրամանոց)) խախտումներ չեն հայտնաբերվել:
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին տրվել է Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում արտադրատեսակի նշված խմբաքանակի (արտադրող` «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ, ՌԴ, Կրասնոդարի Երկրամաս) իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագիր, որի կատարման համար սահմանվել է ժամկետ: