կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կիրանցից Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ռեստորան չկա. Նիկոլ Փաշինյան

Կիրանցից Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչո՞ւ ոչ մի խանութ չկա, ռեստորան չկա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ապա նաև սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: 

Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին:

Պատգամավորը խնդրեց ներկայացնել վերջերս Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից ստացած տպավորությունները:

«Հանդիպումները շատ կարևոր էին: Եվ կարծում եմ՝ այն բոլոր մտահոգությունները, որ ունեն և Ոսկեպարի, և Կիրանցի, և հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են: Այսինքն՝ չկա այնպիսի մի մտահոգություն, որ այնտեղ բարձաձայնվել է, և իմ արձագանքը եղել է այն, որ նման խնդիր գոյություն չունի: Իմ ասածն ուրիշ բան է՝ մենք պետք է այդ խնդիրը լուծենք»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ հարյուրավոր անգամներ անցել է Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս ճանապարհով, բայց վերջին այցի ընթացքում նկատել է, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, որը միջպետական ճանապարհ է, ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն չկա: Փաշինյանը ծանոթացել է ընդդիմադիր որոշ գործընկերների մեկնաբանություններին և տպավորությոն է ստացել՝ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է եղել, և այս իշխանությունը եկել, ցանկանում է վատացնել: Փաշինյանը հարցրեց՝ Կիրանցից մինչև Բաղանիս՝ միջպետական ճանապարհին ինչո՞ւ ոչ մի խանութ, ռեստորան, հյուրատուն չկա:

«Դա կարող է մի բացատրություն ունենալ, որ այն խնդիրը, որ այսօր քննարկում ենք, այդ մարդիկ գիտեն՝ անկախ նրանից, թե ով է դրա մասին բարձր խոսում և ով բարձր չի խոսում: Միշտ իմացել են և գիտեն: Ընդ որում ՝այս հատվածով բանավեճ չկար: Բանավեճն ուրիշ բանի շուրջ էր, թե հաջորդ քայլերն ինչ տրամաբանությամբ պետք է իրագործել: Իմ արձագանքն էլ եղել է՝ մենք ձեզ լսեցինք և ամեն ինչ կանենք, որ հենց ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդվենք, բայց պետք է նաև իմանանք, որ դա միայն մեր որոշումով չէ, հակառակ դեպքում հենց հիմա այդ որոշումը ես կկայացնեի»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իշխանությունը զիջումների է գնում՝ Փաշինյանը կարևորեց հասկանալ, թե ինչ զիջման մասին է խոսքը: 

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը պայմանավորվել է, պետք է ենթարկվի սահմանազատման, ապա և սահմանագծման: Ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, մերը չէ: Այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվել: Եվ սա ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: