կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խնամքի ի՞նչ ծառայություններ է առաջարկում պետությունը՝ տարեցներին

Խնամքի ի՞նչ ծառայություններ է առաջարկում պետությունը՝ տարեցներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թ․ շարունակում է անհրաժեշտ ծառայություններ տրամադրել տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։

Այս նպատակով տարեցների հիմնահարցերի ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցել են մի շարք հասարակական կազմակերպություններ։

Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում հանրապետության մարզերում և Երևան քաղաքում բնակվող տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց պետության ֆինանսավորմամբ մատուցում են՝

  • ցերեկային խնամքի (ներառյալ՝ սննդի) ծառայություններ,
  • տնային պայմաններում խնամքի ծառայություններ,
  • շուրջօրյա խնամքի ծառայություններ (Լոռու մարզ),
  • անօթևան անձանց ժամանակավոր կացարանի տրամադրման ծառայություններ։

Ցերեկային խնամքի (ներառյալ՝ սննդի) ծառայություններ տրամադրելու նպատակով 2024 թվականին պետության կողմից հատկացվել է ավելի քան 170 մլն դրամ․ ընթացիկ տարում նախատեսվում է տվյալ ծառայությունները մատուցել 1300 շահառուի։

Ծառայությունները ներառում են՝

  • ցերեկային կենտրոնի շահառուների անհատական սոցիալական կարիքների գնահատում,
  • գնահատված կարիքներին համապատասխան անհատական սոցիալական ծրագրի կազմում,
  • ազատ ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ շահառուի նախասիրության,
  • օրական մեկանգամյա սննդի տրամադրում` (շաբաթական 5 օր),
  • մշակութային միջոցառումների, հանդիպումների և էքսկուրսիաների, տարբեր խմբակների կազմակերպում,
  • օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայությունների տրամադրում:

2024 թվականին ցերեկային խնամքի ծառայությունները մատուցվում են հետևյալ հասարակական կազմակերպությունների միջոցով՝

  • «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ (Երևան, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Սյունիք),
  • «Հայկական Կարիտաս» ՀԿ (Լոռի, Շիրակ),
  • «Հուսո տուն» ՀԿ (Երևան)։

Տնային պայմաններում խնամքի ծառայությունները 2024 թվականին տրամադրվում են Երևանում, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ այս նպատակով պետության կողմից հատկացվել է ավելի քան 248 մլն դրամ։

Միջոցառման շրջանակում կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն է նախատեսվում մատուցել 1250 շահառուի։ Դրամաշնորհային ծրագիրը ներառում է նաև հատուկ (մասնագիտացված) խնամքի ծառայություն։

2024 թվականին ծառայությունները տրամադրվում են հետևյալ հասարակական կազմակերպությունների միջոցով՝

  • «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ (Երևան, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք),
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (Արմավիր),
  • «Հայկական Կարիտաս» ՀԿ (Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Արարատ),
  • «Հայկական կարմիր խաչի ընկերություն» (Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր)։

Լոռու մարզում շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրելու նպատակով 2024 թվականին պետության կողմից հատկացվել է ավելի քան 35 մլն դրամ․ նախատեսվում է անհրաժեշտ ծառայություններ մատուցել 50 շահառուի։

Ծրագրի շրջանակում խնամվող անձինք օգտվում են կացարանի, խնամքի, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, ինչպես նաև իրավական խորհրդատվության ծառայություններից։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Առօրյան հետաքրքիր դարձնելու համար նաև կազմակերպվում են բազմատեսակ մշակութային միջոցառումներ: 2024 թվականին ծառայությունները մատուցվում են «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի միջոցով։

Անօթևան մարդկանց համար ժամանակավոր կացարանի ծառայությունների տրամադրման համար 2024 թ․ պետության կողմից հատկացվել է շուրջ 70 մլն դրամ․ նախատեսվում է անհրաժեշտ ծառայություններ մատուցել 100 շահառուի։

Ծառայությունները ներառում են կացարանի տրամադրում ընդհանուր տիպի ժամանակավոր օթևանում, բնաիրային աջակցություն, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։ Դրանք մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջոցով։

  • Կիսվել: