չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը. նախարար

Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը. նախարար

Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով գնաճի մասին։

«Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,– ասել է նա։

Նախարարը նշել է, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։ Նախարարն ասաց, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ ավելացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե կարծում է, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, և գնաճը կվերադառնա թիրախային միջակայքի։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների արգելքի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, ապա նախարարն ասաց, որ էական փոփոխություն են տեսնում առաջին հերթին թեթև արդյունաբերության՝ հագուստի, կոշիկի ոլորտում, որոշակի տեղաշարժ կա շինարարության ոլորտում, քանի որ մեծ քանակի շինանյութ էր ներմուծվում, իսկ հիմա դրա մի մասը Հայաստանում է ձեռք բերվում, իսկ մյուս մասը՝ Չինաստանից և ԵԱՏՄ երկրներից։

 

  • Կիսվել: