շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա

Երկրատարածական վերլուծությունների կարողությունները զարգացնող «Kartes Analytica» ընկերությանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա: Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել: 

Kartes Analytica-ն մասնագիտացած է տվյալահեն պրոդուկտների մշակման և իր առաջադեմ երկրատարածական վերլուծական հարթակի միջոցով կիրառելի պատկերացումների մշակման մեջ: Այս լիցենզիայով ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր հնարավորությունները աշխարհատարածական ենթակառուցվածքում բեկումնային լուծումներ մտցնելու համար։

«Կոչ ենք անում մեր տեսլականը կիսող բոլոր գործընկերներին՝ մասնավոր հատվածից, ստարտափ էկոհամակարգից, ակադեմիայից և միջազգային տիեզերական էկոհամակարգից, համագործակցել մեզ հետ բեկումնային ռազմավարություններ և տեխնոլոգիաներ մշակելու գործում, որոնք կվերափոխեն մեր ազգային և տարածաշրջանային տիեզերական արդյունաբերությունը»,- ասել է Kartes Analytica-ի գործադիր տնօրեն Բաբկեն Տեր-Գրիգորյանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նկատել է՝ Kartes Analytica-ին տիեզերական գործունեության լիցենզիա տրամադրելը բեկումնային պահ է Հայաստանի տիեզերական արդյունաբերության զարգացման մեջ:

«Մասնավոր ընկերություններին հնարավորություն տալով ակտիվորեն ներգրավվել տիեզերական գործունեության մեջ՝ մենք խթանում ենք նորարարությունը, ներգրավում ներդրումներ և ստեղծում նոր հնարավորություններ տնտեսական աճի համար»,- նշել է նա:

Kartes Analytica-ն երկրատարածական ենթակառուցվածքների և վերլուծական ընկերություն է, որը հիմնադրվել է 2022 թվականին։ Ընկերությունն ունի գրասենյակներ Հայաստանում ու Միացյալ Նահանգներում։

  • Կիսվել: