հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարությունը լուծարեց «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն՝ հիմնավորելով, որ շուկան արդեն ազատականացվել է

Կառավարությունը լուծարեց «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն՝ հիմնավորելով, որ շուկան արդեն ազատականացվել է

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց լուծարել «Էներգաիմպէքս» փակ բաժնետիրական ընկերությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2016թ. օգոստոսի 4-ի որոշմամբ:

Մինչ ՀՀ-ում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը Ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի հիման վրա իրականացնում էր էլեկտրաէներգիայի արտահանում, ներկրում, փոխհոսքերի ապահովում Վրաստանի ուղղությամբ։ Շուկայի ազատականացման արդյունքում շուկայում գործում են էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցողևս 6 նոր ընկերություններ։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Շուկայի ազատականացումից հետո, առանց Ընկերության մասնակցության, ՀՀ-ի և Վրաստան միջև էլեկտրաէներգիայի առևտրի ծավալները զգալի աճել են։ Միաժամանակ Ընկերությունից հանվել է ՀՀ-ի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովման գործառույթը։          

Այժմ էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունի 14 ընկերություն, որոնց մի մասը կարողանում է արդյունավետ կերպով գործունեություն ծավալել էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում՝ հնարավորություն տալով խոշոր սպառողներին էլեկտրաէներգիա ձեռք բերել մրցակցային գներով։

Շուկայի ազատականացմամբ պայմանավորված՝ ի հայտ են եկել խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք նոր պայմաններում կարողանում են արդյունավետ գործունեություն ծավալել: 

Հաշվի առնելով, որ առանց Ընկերության գործունեության Շուկան կենսունակ է, Ընկերությունը այլևս չի իրականացնում ՀՀ-ի և Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերի միջև փոխհոսքերի ապահովման գործառույթ, ինչպես նաև ազատ մրցակցության տրամաբանությունից չի բխում, որ պետական  հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող ընկերությունը մրցակցի մասնավոր ընկերությունների հետ, առաջացել է Ընկերության լուծարման անհրաժեշտություն։  

  • Կիսվել: