ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանված ՀՀ քաղաքացիներին

Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի հարձակման հետևանքով ժամանակավորապես տեղահանված ՀՀ քաղաքացիներին

ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը: Այս մասին տեղեկացրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին։

Հարթակում, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3UaEnxc , քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:

Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրամադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։

Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել իրենց կողմից հայտնաբերված քաղաքացիների կարիքները, որոնց, նույն ընթացակարգով, կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը:

  • Կիսվել: