չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Կառավարությունը հավանություն տվեց 150 մլն եվրոյի վարկային միջոցներ ստանալուն առնչվող համաձայնագրի ստորագրմանը

Կառավարությունը հավանություն տվեց 150 մլն եվրոյի վարկային միջոցներ ստանալուն առնչվող համաձայնագրի ստորագրմանը

Ֆինանսների նախարարին լիազորություն կտրվի՝ ստորագրելու համաձայնագիր, որն ուղղված է Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 25-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (իրականացվում է 2019 թվականից) երրորդ փուլն է: Այն ունի 2 հիմնական նպատակ, այն է՝ ամրապնդել ֆինանսական կառավարումը՝ մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը և ցածր ածխածնային ու դիմացկուն տնտեսության անցման պլանավորումը և ֆինանսավորումը»,- ասաց նախարարը:

Առաջին և երկրորդ փուլերն իրականացվել են, համապատասխանաբար, 2022 և 2024 թվականների սեպտեմբերին, իսկ երրորդ փուլը նախատեսվում է իրականացնել այս տարի:

Նախարարը ներկայացրեց նաև բարեփոխումների բնույթը: Ըստ այդմ՝ ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի և կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ և ինստիտուցիոնալ գործառույթ՝ գերածախսերի դեպքերը, դրանց պատճառները և ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար:

«Կառավարությունը կհաստատի կանաչ և կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը:

Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք ՀՀ ԿԲ-ին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ՝ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում՝ վենչուրային և մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին, ոչ հանրայինից անցնելու հանրայինին՝ շուկան զարգացնելու համար:

Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները, և կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում՝ ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի:

Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու և պարտատերերի իրավունքներն ու պաշտպանությունն ուժեղացնելու համար արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ: Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի և տվյալների այլ համակարգերի միջև տվյալների համակարգերի փոխանակման, կառավարման, բարելավման համար:

Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո Կառավարությունն ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը: Մի շարք փոփոխություններով կբարելավվի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է ԱԶԲ-ի հետ համատեղ, հետևաբար բարեփոխումների շրջանակը ևս նույնական է ԱԶԲ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց՝ այս համագործակցությունը վկայությունն է այն բանի, որ այն, ինչ նախատեսվում է պետական բյուջեի մասին օրենքով և դրա շրջանակում, ֆինանսական կայունության և կանխատեսելիության շրջանակում է:

  • Կիսվել: