կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կառավարությունը հաստատեց 2023 թվականի բյուջեի նախագիծը

Կառավարությունը հաստատեց 2023 թվականի բյուջեի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօր իր հերթական նիստում հասռատեց 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Հաջորդ տարվա բյուջեի եկամուտները նախատեսված է սահմանել   2 տրիլիոն 301 մլրդ 291 մլն 155 հազար դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 մլրդ 147 մլն 50.7 հազար դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 288,8 մլրդ։ Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ մակրոտնտեսական կայությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը:

«Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումները նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով Կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջակայքում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը նաև նշեց, որ ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով, իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է 7 տոկոս տնտեսական աճ. «Գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու համար պետք է արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, բարձրացնեն պետական բյուջեով նախատեսված սոցիալական ծրագրերի արդյունավետությունը»։
 
2023թ. բյուջեի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կքննարկվի այն և կընդունվի։

  • Կիսվել: