Կառավարությունը 2026 թվականին կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ
2026 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ։
Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։
Նախարարի խոսքով՝ բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ։
«Տնտեսական աճի կանխատեսումը կազմում է 5,4 տոկոս, իսկ ՀՆԱ-ի դեֆլատորը՝ 3 տոկոս»,- նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նախարարի՝ նախագծով պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ։
«Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի և հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավում 0,4 տոկոսային կետով»,- եզրափակեց Հովհաննիսյանը։


