շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Կապան համայքից արտագաղթ չկա. Օդանավակայանից օգտվողները շատացել են. հյուրատներ են կառուցվում. փոխքաղաքապետ

Կապան համայքից արտագաղթ չկա. Օդանավակայանից օգտվողները շատացել են. հյուրատներ են կառուցվում. փոխքաղաքապետ

Վերջին 3-4 տարիներին զգացվում է զբոսաշրջիկների հոսք դեպի Կապան, Խուստուփը ճանաչելի է դարձել։ Դա մեր քաղաքականություններից մեկն էր՝ ճանաչելի դարձնել պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային ուղղությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանը։

«Այսօր արդյունքը այն հոսքերն են, որոնք նկատում ենք։ Մեծ զարգացում է ապրում հյուրանոցային բիզնեսը։ Վերջին 5-6 տարիներին Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության հետ իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են բնակչության սոցիալ–տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսության զարգացմանը, բնակարանային պայմանների բարելավմանը, համայնքներում մի շարք ոլորտների զարգացմանը։ Կարևոր է, որ այս ծրագրերն իրականացվել են Կապանի սահմանամերձ բնակավայրերում և հետպատերազմական շրջանում։ Շուրջ 15 սահմանամերձ գյուղերի բնակիչներ ընդգրկված են եղել այս ծրագրերում, գումարած Կապանի մի շարք թաղամասեր։

Այս առումով նաև կարևորում ենք բնակարանային պայմանների բարելավման ուղղված ծրագրերը, օրինակ, նման ծրագրեր են իրականացվել Դավիթ Բեկում և Ճակատենում։  Կարևորում ենք նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերը, որոնք ավելի շատ հեռանկարային և երկարաժամկետ են։ խոսքը վերաբերում էր հողերի մելորացիայի իրականացման ծրագրերին, որի արդյունքում դեգրադացված հողերում մելորացիոն աշխատանքներ իրականացվեցին, դրանք մշակելի դարձեցին։ Էլիտար սերմացուի տրամադրման ծրագիր իրականացվեց, և որոշ բնակավայրերում հնարավորություն ունեցան բարձր որակի սերմացուով արտադրություն ստանալ։ Շատ կարևոր աջակցություն էր գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրումը։

Կարևոր եմ համարում նաև գյուղերում գյուղատնտեսության զարգացման ուղղված դասընթացների իրականացումը, որոնք հնարավորություն կտա ապագայում գյուղացիներին ճիշտ և արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվելու։

Այս ծրագրերը շատ կարևոր էին հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում մարդկանց սոցիալական և այլ կարիքներին արագ արձագանքելու առումով։ Այս հինգ-վեց տարիներին բավականին աշխատանք է կատարվել, դա շատ կարևոր էր, որպեսզի պատերազմից հետո գյուղացիները չլքեին սահմանամերձ բնակավայրերը։

Այսօր կարող ենք փաստել, որ համայնքի կողմից իրականացված քաղաքականության արդյունքում և Կարմիր խաչի միջազգային գրասենյակի նման գործընկերների հետ համագործակցության արդյունքում կարողացանք հնարավորինս ստեղծել պայմաններ, որպեսզի մեր գյուղերը չդատարկվեն»,–ասաց նա։

Հարցին՝ պատերազմից հետո Կապանում և հարակից գյուղերում բնակչությունը չի նվազե՞լ, փոխքաղաքապետը պատասխանեց. «Ոչ չի նվազել, բնականաբար տեղաշարժ կա, որը շատ բնական է, դա եղել է նաև մինչև պատերազմը, բայց այն մտահոգությունները, որ հնարավոր էր, որ կլինի արտագաղթ, առհասարակ Կապանից և համայնքի սահմանամերձ գյուղական բնակավայրերից նման բան չի գրանցվել։

Պատերազմից հետո շատ բան փոխվեց, շատ հարցեր մեր պատասխանատվության տիրույթում չեն, այդ թվում սահմանագծման և մյուս խնդրահարույց հարցերը։ Կարող եմ մի փաստ արձանագրել, որ Կապանի վարչական տարածքից, այսօր մենք ունենք օկուպացված տարածքներ՝ Ներքին Հանդում և Դավիթ Բեկում։ Այսօր Ներքին Հանդի հայկական գերեզմանատունը գտնվում է ադրբեջանցի զինվորականների վերահսկողության տակ»։

Հարցին՝ օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ ինչ ճանապարհ է տեսնում, Գոռ Թադևոսյանն արձագանքեց. «Չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետեւ դա մեր տիրույթում չէ։ Օրինակ, կարելի էր սահմանազատում սկսել հենց այդ հատվածից։

Այդ օկուպացված տարածների մեջ և վարելահողեր են, և գերեզմանատուն կա, տարբեր նշանակության հողեր են։ Այդ հողերի դիմաց փոխհատուցում տալու մասին փաստեր չկան։

Նախքան պատերազմը Կապան համայնքում հիմնականում զբաղվում էին հողագործությամբ, այն էլ Արցախի Կովսականի շրջանում, այդ հնարավորությունից Կապան համայնքի գյուղացիները ավելի շատ զրկվեցին, և հենց դա էր պատճառը, որ մենք սկսեցինք դեգրադացված հողերը դարձնել մշակելի»,– ասաց փոխքաղաքապետը։

Նա նշեց, որ այսօր դեպի Կապան համայնքի բոլոր գյուղական բնակավայրեր գործում է հանրային տրանսպորտ անվճար. «Կապանի օդանավակայանը շատ կարևոր նշանակություն ունի, այդ թվում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և առհասարակ, հնարավոր է ԵՐևանից Կապան հասնել 40-45 րոպեում։ Չվերթներն ավելացել են, օգտվողների թիվն ավելացել է։ Այսօր կա ներուժ, որ Կապանի օդանավակայանը նաև միջազգային չվերթներ իրականացնի, թե Իրան, թե Վրաստան, թե այլ ուղղություններով»։

 Հարցին՝ Կապանում կա՞ն ներդրումներ, փոխքաղաքապետը պատասխանեց. «Կապան համայնքում տնտեսական ակտիվություն կա, ներդրումներ կան, ավելի շատ տեղացի գործարարների կողմից։ Հետընթաց չի եղել տնտեսական առումով։ Օրինակ, շինարարության ոլորտում բավական ակտիվություն ունենք, նոր հյուրատներ, հյուրանոցներ են կառուցվում։ Անշարժ գույքի գները բարձրացել են, պահանջարկ կա, Կապան քաղաքում կառուցվել է երերք բազմաբնակարան շենք։ Եթե կլինեն ցանկացողներ նոր բազմաբնակարան շենքեր կառուցելու, համայնքը միայն կխրախուսի»։

  • Կիսվել: