կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը

Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը:

2024 թ. ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5,000,000.0 հազար դրամի չափով, իսկ 2025 թ.՝ 2,000,000.0 հազար դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտ:

Արդյունքում՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

Ըստ հիմնավորման՝ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 դրամ, որից 2023 թ. 46 կազմակերպության՝ 5,283,234,974 ՀՀ դրամ: Արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:

ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության տրամադրման վերաբերյալ նշված որոշումների ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

  • Կիսվել: