ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում կապահովվեն իրավական հիմքեր

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում կապահովվեն իրավական հիմքեր

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչպես նաեւ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 27-ի նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում եւ իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն:

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում: «Նախագծի ընդունման արդյունքում որակական առումով կունենանք իրականացնող մարմնի կողմից առավել արդյունավետ վերահսկողության իրականացում՝ զերծ արհեստածին խոչընդոտներից եւ գործող օրենքում առկա բացերից, ինչպես նաեւ սպառողի շահերի պաշտպանություն»,- մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը:

Գեւորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ հարգորոշման, անվանանիշերի կիրարկման վերաբերյալ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: