ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կանանց տնտեսական հզորացումը, ներուժի բացահայտումն ու  մասնագիտական կարողությունների զարգացումը մեր առաջնահերթություններից են․ Նարեկ Մկրտչյան

Կանանց տնտեսական հզորացումը, ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումը մեր առաջնահերթություններից են․ Նարեկ Մկրտչյան

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին Երևանում անցկացվեց համաժողով։ Համաժողովի ընթացքում  քննարկվեց մայրության պաշտպանության, սոցիալական պաշտպանության, ընտանեկան պարտականություններ ունեցող աշխատողների աշխատանքային միջավայրի և չվարձատրվող խնամքի տնտեսության հնարավորություններն ու բացերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը իր խոսքում նշեց, որ հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածությունը, որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ապահովումն ու գենդերային հավասարության խթանումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քաղաքականության առանցքային հիմնահարցերից է։

Մկրտչյանը մասնավորապես ասաց․ «Կանանց տնտեսական հզորացումը, նրանց ներուժի բացահայտումն ու  մասնագիտական կարողությունների զարգացումը ևս նախարարության առաջնահերթություններից են։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Կանանց աքսելերատոր ծրագրի դերը՝  ձեռներեցությունը խթանելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Այն իրականացվում է Հանրապետության մի շարք մարզերում՝ էկոհամակարգի մակարդակում նորարար աջակցության մեխանիզմների շնորհիվ տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը խթանելու նպատակով»։ 

Ըստ Նարեկ Մկրտչյանի թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին աջակցություն տրամադրելու գործառույթը ևս նախարարության ուշադրության կենտրոնում է։ 

 

  • Կիսվել: