չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կադաստրի կոմիտեն ժխտում է շրջանառվող լուրերը, թե վերջերս ՀՀ-ում անշարժ գույքի առքուվաճառքի կողմ են դառնում ազգությամբ թուրքերն ու արաբները

Կադաստրի կոմիտեն ժխտում է շրջանառվող լուրերը, թե վերջերս ՀՀ-ում անշարժ գույքի առքուվաճառքի կողմ են դառնում ազգությամբ թուրքերն ու արաբները

ՀՀ-ում 2021 թվականի սեպտեմբերին անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների քանակը նվազել է, սակայն եռամսյակային թվերը բավականին բարձր են։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը։

«Ճիշտ է, սեպտեմբերի ամսին արձանագրվել է նվազում, սակայն ավելի ճիշտ է շուկայի փոփոխությունները դիտարկել ավելի մեծ ժամանակաշրջանով։Մեկ ամսով հնարավոր չէ ասել, որ շուկայում առկա է նվազման միտում։ 2021թ․ երրորդ եռամսյակում գրանցվել է 51897 իրավունքի պետական գրանցման գործարք, որն անցած տարվա երրորդ եռամսյակի հետ համեմատած ավել է 2․4 տոկոսով։ Կարծում եմ, որ դա արդեն իսկ մեծ ցուցանիշ է։ Իսկ տարվա համեմատությամբ արձանագրվել է 1․8 տոկոսի աճ», -հավելեց նա։

«Գործարքների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևան քաղաքում՝ 16909 գործարք, իսկ մարզերից ավելի ակտիվ է Կոտայքի մարզը՝ 8704։  Ամենաքիչը իրականացվել է Վայոց ձորում՝ 1017 գործարք»։

https://zarkerak.am/images/156465132154_1636632378.jpg

Աննա Նազարյանը հայտնեց, որ սկսած այս տարվա փետրվար ամսից՝ գրանցվել է գործարքների քանակի և նաև գնային աճ։ Տարվա ընթացքում ամենամսյա գնային աճ է նկատվել՝ մասնավորապես Երևանում։

«Եթե խոսենք թվերով, 2021 թվականի երրորդ եռամսյակում գրանցել ենք առքուվաճառքի 14967 գործարք։ Բացի այդ այսօր ունենք շատ լավ առաջարկներ  տարբեր համայքներում՝ մասնավորապես առաջնային շուկայի հետ կապված։ Չենք կարող ասել՝ դա կապված է եկամտահարկի փոփոխությունների հետ, թե ոչ»։

Գնաճի մասին․ 2021 թվականի երրորդ եռամսյակում երկրորդ եռամսյակի հետ համեմատ ունենք 3,2 տոկոս գնային աճ։ Իսկ տարեկան կտրվածքով՝ 2021 թվականի երրորդ եռամսյակը՝ 2020 թվականի հետ համեմատած, գրանցել է 2․3 տոկոս աճ։ Ըստ Նազարյանի՝ պատճառը գնողունակության պահանջարկի ավելացումն է։

Մեր այն հարցին, թե գործարքների ակտիվությունը կապվա՞ծ է տեղահանված և ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների հետ, Աննա Նազարյանը նշեց, որ նմանատիպ վիճակագրություն չունեն։

Անդրադառնալով օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գործարքներին, թե դրանք մեծ թի՞վ են կազմում այսօր, նա նշեց՝ այդ առումով առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են, ԱՄՆ քաղաքացիները, իսկ երրորդ տեղում Իրանի․ «Բայց սա այնքան փոքր տոկոս է կազմում ամբողջ առքուվաճառքի մեջ, որ սխալ կլինի փաստարկել, որ օտարերկրյա քաղաքացիները ինչ-որ գնումներ են իրականացնում»։ Ընդ որում, Նազարյանի խոսքով` «Ռուսաստանի քաղաքացին» նույն Հայաստանի քաղաքացին է, ուղղակի իր գործարքն իրականացնում է այլ անձնագրով։

https://zarkerak.am/images/sale_1636632506.jpg

Աննա Նազարյանը ժխտեց շրջանառվող այն տեղեկությունները, թե մեր երկրում առքուվաճառքի կողմ են հանդիսացել նաև ազգությամբ արաբները և թուրքերը․ «Նման բան չկա։ Մենք զարմանում ենք, երբ լսում ենք այսպիսի տեղեկություններ։ Մեր տարածքային ստորաբաժանումներում գործարք իրականացնելիս միանշանակ պահանջում ենք անձը հաստատող փաստաթղթեր։ Իրականացվում է նույնականացում»։   

Աննա Նազանյանը մանրամասնում է՝ ակտիվություն է արձանագրվում առաջնային շուկայում․ «Շինարարությունը բավականին ակտիվ է այսօր քաղաքի բոլոր համայնքներում։ Եթե նախկինում միայն Կենտրոնում էր ակտիվ, այժմ  նաև մյուս վարչական շրջաններում՝ Աջափնյակում, Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում և այլն․  եթե շինարարություն է ընթանում, ուրեմն կա նաև պահանջարկ»։

Համաձայն ներկայացված տվյալների՝ Երևանում բնակարանների ամենաբարձր գինը Կենտրոն վարչական շրջանում է՝ 1 քմ արժեքը կազմում է 636800 դրամ, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Արաբկիր համայնքն է՝ 1 քմ հաշվարկով 507700 դրամ։ Նվազագույն արժեքը Նուբարաշեն համայնքում է՝ 1 քմ արժեքը կազմում է 181200 դրամ։

«Կոտայքի մարզում ամենաբարձր գինը արձանագրվել է Ծաղկաձոր քաղաքում՝ 1 քմ արժեքը կազմում է 292600 դրամ, Աբովյանում այն կազմում է 206400 դրամ։ Շիրակի մարզում ամենաբարձր գինը նկատվում է Գյումրի քաղաքում՝ 1 քմ արժեքը կազմում է 112900 դրամ», -հայտնեց Աննա Նազարյանը։

Մարզերում առավել ակտիվ են հողերի հետ կապված գործարքները՝ 6133 իրավունքի պետական գրանցման գործարք։ Երևանում իրականացվել է 3115 առքուվաճառքի գործարք։ Քիչ   են արտադրական նշանակության օբյեկտների հետ կապված գործարքները՝ 50»։

2021 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ-ում իրականացվել է 14967 առքուվաճառքի գործարք, որը երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 7․6 տոկոսով։ Իրականացվել է վարձակալության 2910 գործարք և գրավադրման՝ 6569 գործարք։

«Կցանկանամ առանձնացնել այն փաստը, որ մեր երկրում  մեծ թիվ են կազմում հողերի հետ կապված գործարքները՝ 19325, որից 11479-ը՝ գյուղնշանակության հողեր են։ Սրան նպաստել են  կառավարության   պետական օժանդակության և ոռոգման արդիականացման համակարգի հետ կապված քայլերը։  Այսպիսով՝ կարող եմ ասել, որ առաջին տեղում են հողերի հետ կապված գործարքները, երկրորդ տեղում բնակարաններն են՝ 14923 գործարք, իսկ երրորդ տեղում անհատական բնակելի տները՝ 11076։ Ամենաքիչ   գործարքները իրականացվել են արտադրական նշանակության շինությունների մասով ՝ թվով 1141-ն են», - հայտնեց Աննա Նազարյանը։

  • Կիսվել: