չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչները ծանոթացել են ոլորտի ֆրանսիական փորձին

Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչները ծանոթացել են ոլորտի ֆրանսիական փորձին

Ս. թ. ապրիլի 7-14-ը Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսավորմամբ տեղի է ունեցել Հայաստանի ջրային և գյուղատնտեսության ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություն Ֆրանսիա` ծանոթանալու ջրային ոլորտի ինստիտուցիոնալ համագործակցության, ոռոգման ջրի կառավարման, կիրառվող գյուղատնտեսական մոդելների, հողերի կառավարման և ֆերմերների աջակցության ֆրանսիական փորձին:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և ՏԿԵՆ ջրային կոմիտեի ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարությունից այցելությանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը:

Այցելության շրջանակներում տեղի են ունեցել ինտերակտիվ հանդիպումներ և քննարկումներ Ֆրանսիայի հարավային շրջաններում խմելու և ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների, ջրօգտագործողների ընկերությունների, ջրամբարների կառավարմամբ զբաղվող կազմակերպությունների, ֆերմերային միավորումների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ:

Այցելության երկրորդ մասն անցկացվել է Փարիզում։ Այն նվիրված էր ինստիտուցիոնալ համագործակության, ջրային ոլորտի քաղաքականության և օրենսդրական հարցերին, ինչպես նաև ֆրանսիական փորձի` Հայաստանում կիրառման հնարավորությունների և տարբերակների քննարկմանը:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է առաջարկություններ և դիտարկումներ մոնիթորինգի հիդրոլոգիական դիտացանցի վերազինման և բարելավման, տվյալների փոխանակման և կառավարման համակարգի հզորացման և ջրային պետական կադաստրի արդիականացման ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ընդլյաման վերաբերյալ:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր և ձեռք է բերվել երկուստեք համաձայնություն` շարունակելու և ընդլայնելու առկա համագործակցության շրջանակները՝ ի նպաստ համապատասխան ոլորտների զարգացման։

  • Կիսվել: