կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններով

Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններով

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով հայ-իրանական համագործակցությունը և շեշտել, որ մեծ պոտենցիալ կա հանքարդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցում։

Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից, պղնձի, ոսկու, մոլիբդենի, բազմամետաղների արդյունահանումից, ոլորտում առկա մարտահրավերներից, հանքերի շահագործման ընթացակարգերից, ներդրումային գործիքներից և առկա ռիսկերից։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանն իր մեջ ներառում է ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման բոլոր առաջնահերթությունները՝ կարևորելով դրանցից յուրաքանչյուրը։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ հանքարդյունաբերության զարգացումը կարևոր տնտեսական բաղադրիչ լինելուց զատ չպետք է հանգեցնի շրջակա միջավայրի աղտոտմանը։

Խոսելով ոլորտային առաջնահերթություններից՝ նախարարի տեղակալն առանձնացրել է երկրաբանական ուսումնասիրությունը, քանի որ հետազոտությունների հիմնական մասը խորհրդային շրջանում արված ուսումնասիրություններ են։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։

  • Կիսվել: