երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ինչո՞ւ է ՏՏ ոլորտի շրջանառությունը փոքր. պարզաբանում է Հակոբ Արշակյանը

Ինչո՞ւ է ՏՏ ոլորտի շրջանառությունը փոքր. պարզաբանում է Հակոբ Արշակյանը

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2018 թվականին աշխատել է 15 հազարի, որոնց 38%-ը կանայք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով ՏՏ ոլորտի շրջանառությանը՝ նախարարն ասաց, որ այն փոքր է, քանի որ հայկական ընկերություններն իրենց գումարները հիմնականում գեներացնում են դրսի իրենց կազմակերպություններում, իսկ Հայաստան գալիս է միայն աշխատավարձը։ Ուստի, շրջանառության այսպիսի փոքր թվեր ունեն:

«Մեկ աշխատակցին բաժին ընկնող շրջանառությունը կազմում է մոտ 16,5 հազար դոլար, սակայն տեխնոլոգիական ոլորտում մեկ աշխատակցի կողմից գեներացրած արդյունքը տարեկան առնվազն 45-50 հազար դոլար պետք է լինի: Այսինքն՝ պետք է այնպիսի մեխանիզմներ կիրառենք, որ այդ ընկերություններն իրենց ամբողջ գումարը շրջանառեն Հայաստանում»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։

Խոսելով պետական աջակցության մասին՝ նախարարը հայտնեց, որ այս տարի շուրջ 230 ընկերություններ դիմել են պետական աջակցության արտոնությունից օգտվելու համար։ Ըստ ընկերությունների ներկայացրած թվերի նախատեսվում է  1200 նոր աշխատատեղ ստեղծել. «Շուրջ 40 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից, սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք: Դիմել են հիմնականում Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Ավստրալիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Անգլիայից»:

Հակոբ Արշակյանը նաև նշեց, որ արդեն իսկ մեկնարկել է «Ներուժ» սփյուռքի երիտասարդական սթարթափների ծրագիրը, որում ներգրավված է 40 ընկերություն 17 երկրից. «Մենք 136 մլն դրամ ենք հատկացրել միջոցառման կազմակերպմանը և հաղթողներին դրամաշնորհ տալու համար: Հաղթողները 6-ն են լինելու, որոնք կուզենան Հայաստանում իրենց գործունեությունը ծավալել»:

 

 

  • Կիսվել: