երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ինչո՞ւ է մեզ պետք լավ բուհ, եթե մարդը չի կարող նորմալ բիզնես իրականացնել. Ռուբեն Վարդանյան

Ինչո՞ւ է մեզ պետք լավ բուհ, եթե մարդը չի կարող նորմալ բիզնես իրականացնել. Ռուբեն Վարդանյան

Հայտնի գործարար և բարերար, մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, հարցազրույց է տվել Forbes ամսագրի ղազախական տարբերակին, որում խոսել է կրթության հիմնախնդիրների մասին:

Պարբերականը նշում է, որ Ռուբեն Վարդանյանը 17 տարեկանում Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դարձել է հաջողակ ձեռնարկատեր, սակայն այժմ նա շատ ծրագրեր ունի իր հայրենիքում։

«Ես չգիտեմ, ավելի օգտակար կլինեի՞ Հայաստանին, եթե մնայի այնտեղ, քան հիմա, երբ ես, հասնելով հաջողության, պահպանել եմ կապը հայրենիքիս հետ: Հարցն ուրիշ է՝ ինչպես ներգրավել լավագույններին։ Սա էկոհամակարգ ստեղծելու հարց է. ինչո՞ւ է մեզ պետք լավ բուհ, եթե այնուհետև մարդը չի կարող նորմալ բիզնես իրականացնել, չի կարող նոր ընկերություն ստեղծել, չի կարող լավ դիրքի հասնել. դրա համար նա պետք է ինչ-որ մեկի բարեկամը լինի»,- ասել է գործարարը:
 

Նրա խոսքերով՝ հնարավոր չէ իրականացնել միայն կրթական նախագիծ՝ չփոխելով ամբողջ կառույցը, չստեղծելով աջակցության հիմնադրամներ, չներգրավելով կորպորացիաներ։

Որպես բուհերի զարգացման ուղղություններից մեկը, գործարարն առաջարկել է ծրագրեր բացել 60-ամյաների համար:

 «Մենք կապրենք մինչև 90 տարի, իսկ հիմա մարդը, եթե 50-60 տարեկան է և СЕО չէ, չի կարող սովորել, և նա ռիսկի է ենթարկվում դուրս մղվելու հասարակությունից: Համալսարանը ներկայիս՝ գիտական ​​վանքի ձևով ավարտվեց, պահանջվում է որակական վերափոխում»,- ասել է Վարդանյանը:

  • Կիսվել: