երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչ անել, եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով

Ինչ անել, եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով

Եթե օգտվում եք առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից ու ցանկանում եք անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված խախտումն արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տվյալ սուբյեկտից գանձվում է տուգանք` 400 հազար դրամի չափով:
 
«Հետևաբար, նմանօրինակ խնդիրների բախվելու դեպքում քաղաքացին կարող է դեպքի մասին տեղեկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ 080 00 10 08 կամ 060 84 44 44 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում ստանում են 10% հետվճար․ ծրագրից կարող են օգտվել բոլոր բանկերի քարտապանները։

  • Կիսվել: