կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հսկայական ռեսուրսներ, տարողունակ շուկա ունեցող ԵԱՏՄ-ն շատ գրավիչ է երրորդ երկրների համար»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

«Հսկայական ռեսուրսներ, տարողունակ շուկա ունեցող ԵԱՏՄ-ն շատ գրավիչ է երրորդ երկրների համար»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ուզբեկստանն ու Կուբան հատուկ հետաքրքրվածություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի գործունեության նկատմամբ, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

«ԵԱՏՄ-ի անդամների թվի ավելացումը երբեք ինքնանպատակ չի եղել։ Միության առաջնահերությունը, հատկապես ընթացիկ իրավիճակում, անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացումն ապահովելն է՝ առաջին հերթին տնտեսական օրակարգի մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցությամբ»,- ասել է Պանկինը՝ հավելելով, որ այդ պարագայում անգամ անհնար է չնկատել ԵԱՏՄ դիտորդ երկրներ Ոզբեկստանի և Կուբայի գործնական հետաքրքրվածությունը՝ կազմակերպության գործունեության նկատմամբ։

«Տաշքենդն ու Հավանան պարբերաբար նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնց մի մասն արդեն դիտարկվում է ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նա նշել է նաև, որ «եվրասիական պրոցեսներին տարբեր ձևաչափերով միանալու» հարցում հետաքրքրվածություն են ցուցաբերում նաև այլ երկրներ, այդ թվում՝ ԱՊՀ կազմից։

«Հսկայական ռեսուրսներ, տարողունակ շուկա և հսկայական տարանցիկ ու լոգիստիկ ներուժ ունեցող ԵԱՏՄ-ն շատ գրավիչ է երրորդ երկրների համար։ Մենք ելնում ենք նրանից, որ ԵԱՏՄ-ին լիիրավ անդամակցության մասին որոշումը պետք է կայացնի շահագրգիռ պետությունը՝ գնահատելով այն հնարավոր օգուտները, որոնք կարող է ստանալ՝ այդ քայլի իրականացումից»,- ասել է Պանկինը։

  • Կիսվել: