երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հրազդան-Երևան երթուղու խնդիրը ժամանակավոր լուծում կստանա՝ մինչև նոր մեքենաների խմբաքանակի ներմուծումը. Սևակ Միքայելյան

Հրազդան-Երևան երթուղու խնդիրը ժամանակավոր լուծում կստանա՝ մինչև նոր մեքենաների խմբաքանակի ներմուծումը. Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ իր խնդրանքով և միջամտությամբ «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն քառօրյա ժամկետում Հրազդան-Երևան երթուղու խնդրին կտա ժամանակավոր լուծում՝ մինչև նոր մեքենաների խմբաքանակի ներմուծումը:

Այսօր հրավիրված խորհրդակցությանը մասնակցել է նաև «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը: Սևակ Միքայելյանը բարձրացրել է Երևան-Հրազդան երթուղու սպասարկման խնդիրը՝ նշելով, որ քաղաքացիներն ուշանում են աշխատանքից, ուսանողները՝ բուհերից:

Դալլաքյանը տեղեկացրել է, որ նախատեսված 8 ավտոբուսները չեն կարողանում բավարարել բնակչության պահանջարկը:

«Մենք պատվիրել ենք ևս 18-20 միկրոավտոբուս, որպեսզի ամբողջությամբ սպասարկվի Հրազդան քաղաքը: Մինչև 1 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի: Կանխատեսում ենք, որ 20 տրանսպորտային միջոցը կբավարարի բնակչության պահանջարկը»,- ասել է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ տնօրենը՝ ընդգծելով, որ բնակչության կարիքների չբավարարման դեպքում ևս 5 միկրոավտոբուս կպատվիրեն: 

Նրա խոսքով՝ պատվիրած տրանսպորտային միջոցները հոկտեմբերի 28-ին Երևանում կլինեն, հնգօրյա ժամկետում կլիցքավորվեն և սկսեն սպասարկել բնակչությանը:

Սևակ Միքայելյանն ընդգծել է՝ մինչ այդ հարկավոր է ժամանակավորապես լուծել քաղաքի տրանսպորտային խնդիրը, ինչին ի պատասխան Դալլաքյանը խոստացել է առավելագույնը 3-4 օրում այլ տրանսպորտային միջոցներ ներգրավել՝ մարդկանց անխափան երթևեկության ապահովման նպատակով:

  • Կիսվել: