Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ձկնաբուծարանում 58 տոննա ձուկ է անկել. ՍԱՏՄ
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին,
չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա,
ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին,
չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան:
Մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:
Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ:
Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբեյալ: