հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան ուղեանցը

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան ուղեանցը

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան ուղեանցը։ Ուղեանցի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
 
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են նաև մայթերը։ Տեխհսկողի խոսքով՝ աշխատանքները կապալառուի կողմից կատարվում են շիննորմերին համապատասխան։
 
 
Ըստ նախագծի՝ աշխատանքների շրջանակում կվերականգնվեն բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, կկատարվի ջրամեկուսացում, կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Նախատեսված է նորոգել նաև մոտեցումները Դեմիրճյան փողոցին ու Մ-6 միջպետական ճանապարհին։
 
Նշենք, որ ուղեանցի երկարությունը 160 մ է, լայնությունը՝ 14 մ։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: