Հիմնանորոգվում է Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհը
2024 թվականի մարտի 15-ից սկսվել են Փոքր Մասրիկ-Նորակերտ մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մ-14-Նորակերտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգումն ամբողջությամբ կիրականացվի պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն։
Ճանապարհի շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է Փոքր մասրիկ-Նորակերտ ավտոճանապարհի հիմնանորոգում՝ 2100 գծամետր երկարությամբ և շուրջ 13600 քառակուսի մետր մակերեսով։ Նախատեսված է իրականացնել հիմքի, ջրահեռացման համակարգերի, մայթերի կառուցման, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։
Շինարարական աշխատանքներն ավարտի կհասցվեն 2024 թվականի ընթացքում։