շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ում պղնձաձուլարան ունենալը շատ սկզբունքային է. փոխվարչապետը խոսել է նոր կառուցվող պղնձաձուլարանի վայրի մասին

ՀՀ-ում պղնձաձուլարան ունենալը շատ սկզբունքային է. փոխվարչապետը խոսել է նոր կառուցվող պղնձաձուլարանի վայրի մասին

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ հանդիպում է ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ: «Գեոպրոմայնինգ» գրուպ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին իր խոսքում նշեց, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչը ոչ թե որպես հյուր, այլ որպես բաժնետեր է այցելել ընկերություն և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ընկերությունում՝ կփոխեն ամբողջ տարածաշրջանի ապագան:

Պապիկայնը նշել է, որ Հայաստանը պետք է խտանյութ արտահանող երկրից դառնա պղինձ ձուլող երկիր և դրա համար պետք է խոշոր պղնձաձուլարան կառուցվի:

«Սրա առաջին քայլերն արդեն նախանշված են: Կան հստակ պայմանավորվածություններ գործընկեր ընկերության հետ, ՌԴ գործընկերների հետ: Սա ենթադրելու է իր հետևից արդյունաբերության զարգացման մի էական ու երկար շղթա»,- ասել է փոխվարչապետն ու շեշտել, որ դա կարող է բերել ձուլած պղնձից նոր ապրանքատեսակների արտադրություն՝ այսինքն կունենանք նոր գործարաններ, որոնց համար անհրաժեշտ կլինեն հսկայական քանակությամբ էներգառեսուրսներ:

Պապիկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նոր քննարկումներ են լինելու  ատոմակայանի կյանքը երկարացնելու ծրագրի ուղղությամբ և նոր էներգաբլոկների կառուցման համար: Նա հայտնեց նաև, որ նպատակ կա ՀՀ-ում ունենալ 55 մեգավատանոց մի քանի էներգաբլոկ:

Սուրեն Պապիկյանը հանդիպման ընթացքում պատասխանել է աշխատակիցների, այնուհետև լրագրողների մի քանի հարցերին:

Անդրադառնալով աշխատանքից ազատված աշխատակիցների հարցին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց.

«Մեզ համար շատ կարևոր է և կարևոր է լինելու, որպեսզի կոմբինատը լինի ապաքաղաքական այնպես, ինչպես կոչված է ՀՀ բոլոր օրենքներով: Ոչ մեկի խղճի, մտքի ազատությունը ոչ ոք սահմանափակելու խնդիր չունի , բայց սա ենթադրում է նաև, որ մեզնից ու ձեզնից յուրաքանչյուրը իրավունք չունի այլոց մտքի ու խղճի վրա փորձել ազդեցություն գործել»,-ասել է նա:

Հանդիպման ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում էլ Պապիկյանը խոսել է նոր  պղնձաձուլարանի կառուցման և ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման ժամկետների մասին:

Հարցին, թե այս պահին կա՞ն հստակ ժամկետներ, փոխվարչապետը նշել է, որ ժամկետներ հայտնել չի կարող, քանի որ դրանք դեռևս որևէ իրավական փաստաթղթում գրանցված չեն: Պապիկյանը շեշտել է, որ բոլոր նպատակները, որոնք հնչեցվել են իրականանալի են և դրանց համար կան բոլոր նախադրյալները:

Իսկ նոր պղնձաձուլարանի կառուցման վայրի մասին   խոսելով նշել է, որ ՀՀ-ում պղնձաձուլարան ունենալը շատ սկզբունքային է, սակայն թե որտեղ կարող է կառուցվել՝ դեռևս որոշված չէ:

Ծրագրերի հնարավոր չեղարկման մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ Պապիկյանը հայտնել է, որ ինքը չի տեսնում դրա չկայանալու հնարավորությունը, քանի որ բոլոր կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը:

  • Կիսվել: