ՀՀ–ում միայն արցախցիների խնդիրը չէ․ Տարոն Չախոյանը՝ կառավարության աշխատանքի մասին
ՀՀ կառավարությունն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արել և անում է արցախցիների խնդիրները հասցեագրելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Եկեք բոլորս հասկանանք, որ ՀՀ-ում միայն արցախցիների խնդիրը չէ. ՀՀ-ում կան բազմաթիվ անօթևաններ, որոնց հարցերով ևս պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Չախոյանը։
Լրագրողներից մեկը դիտարկում արեց, թե պետք չէ նույնացնել արցախցիների և մյուս անօթևանների խնդիրները, որովհետև արցախցիներն իրենց տասնամյակներով ստեղծած տունը, ունեցվածքը թողել, բռնի տեղափոխվել են Հայաստան, և մեր երկիրը պարտավորություն ունի նրանց հանդեպ։ Մեկ ուրիշ լրագրող էլ նկատեց՝ արցախցիներն անօթևան են դարձել ներկա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը։
«Դուք կարծում եք, որ դրանի՞ց սկսվեց։ Ռազմական բալանսը խախտվելու հետևանքով սկսվեց, որովհետև Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահ– խմբ․) կառավարման տարիներին ռազմական բալանսը սկսեց խախտվել»,- հայտարարեց Չախոյանը։
Նա շարունակեց պնդել, որ կառավարությունը տարատեսակ սոցիալական ծրագրեր է իրականացնում արցախցիների համար։
Անդրադառնալով այն հարցին, թե եթե ծրագրերն այդքան լավն են և նորմալ իրականացվում են, ինչու՞ են արցախցիները շարունակում բողոքել դրանցից և բնակապահովման խնդիրներից, Չախոյանը նշեց՝ «նորմալը տարբեր մարդկանց համար տարբեր բաներ է նշանակում»։
«Մեկի համար նորմալ ապահովելը նշանակում է 1 մլն դրամ աջակցություն, մյուսի համար՝ 100 հազար դրամ»,- հայտարարեց Չախոյանը։
Լրագրողը նկատեց՝ արցախցիները 1 մլն դրամ չեն պահանջում, այլ ընդամենն իրենց տրվող 40+10 ծրագրի շարունակակություն են ակնկալում։


