շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ում կատարված ներդրումները թույլ են տալու առաջիկա տարիներին ևս ապահովել տնտեսական բարձր ցուցանիշ. Քերոբյան

ՀՀ-ում կատարված ներդրումները թույլ են տալու առաջիկա տարիներին ևս ապահովել տնտեսական բարձր ցուցանիշ. Քերոբյան

Հայաստանի տնտեսությունը այս մեկ տարվա ընթացքում բավականին բուռն զարգացում է ապրել և անցած տարվա տվյալներով 12,6 տոկոս աճ է արձանագրվել, որի արդյունքում Հայաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ Yerevan Tech Forum-ի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս տարվա առաջին եռամսյակը նույնքան առույգ է, ինչքան անցած տարին է։ Մենք այս տարվա առաջին եռամսյակում արձանագրել ենք 12,2 տոկոս աճ»,- նշեց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ լավ արդյունքներ են գրանցել օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։

«Առաջին անգամ մեր պատմության մեջ ապահովել ենք 1 միլիարդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, որը մեր ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին է, նաև ընդհանուր ներդրումները նախնական տվյալներով  4,2 միլիարդ դոլար է, որը տպավորիչ արդյունք է։ Այս ներդրումները թույլ են տալու, որպեսզի մեր տնտեսական աճը առաջիկա տարիներին ևս լինի բարձր»,- ընդգծեց Քերոբյանը։

 

Ըստ նախարարի՝տնտեսական աճի ապահովման գլխավոր մասնակիցներն են տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտները, որոնք աճել են 50 տոկոսով։ Միաժամանակ բարձր աճ են ապահովել առևտուրը, ծառայությունները, մշակող արդյունաբերությունը, շինարարությունը։

«Կարելի է ասել, որ բոլոր ուղղություններով ունենք բավականին ակտիվ վիճակ։ Միակ ոլորտը, որտեղ աճ չի գրանցվել՝ հանքաարդյունաբերության ոլորտն է, բայց դա էլ վատ չի, որովհետև պետք է փոխել մեր տնտեսական կառուցվածքը՝ հանքաարդյունաբերությունից դեպի բարձ տեխնոլոգիական ոլորտ»,-եզրափակեց Քերոբյանը։

  • Կիսվել: