հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ՀՀ-ում Համապարփակ գործընկերության համաձայնագրով ամրագրված 6 դիրեկտիվների ադապտացիայի համար նախագիծ է մշակվել

ՀՀ-ում Համապարփակ գործընկերության համաձայնագրով ամրագրված 6 դիրեկտիվների ադապտացիայի համար նախագիծ է մշակվել

Տնտեսական մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության մասին ամբողջ օրենսդրությունը կհամապատասխանեցնենք եվրոպական օրենսդրությանը: Սա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA - ՀԸԳՀ) ամրագրված 6 դիրեկտիվների ադապտացիա է Հայաստանում, որը շատ կարևոր ռազմավարական փոփոխություն է: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

«Գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումները: Այդ հարցն ենք լուծել:

Սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին չկա: Այդ հարցն են լուծել, և այս օրենքի ընդունումից հետո այն կոչվելու է Մրցակցության պաշտպանության, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով»,- ասաց Պապոյանը:

Ըստ նախարարի՝ չկան նաև սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող և ագրեսիվ առևտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները: Առաջարկվող նախագծով այս հարցերը ևս լուծվել են:

Սահմանվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը, ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առևտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսևորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման և վարույթների քննության առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվել է սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար պատասխանատվություն:

«Նախագծի ընդունմամբ մի կողմից կձևավորվի սպառողների շահերի պաշտպանության գործող համակարգ, մյուս կողմից ՀՀ-ն կապահովի CEPA -ով այս ոլորտում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը, որոնք կապված են տնտեսական մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հետ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: