երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ–ն ունի ազգային օպերատոր ԵԱՏՄ-ում տեղորոշման կապարակնիքների կիրառման համար

ՀՀ–ն ունի ազգային օպերատոր ԵԱՏՄ-ում տեղորոշման կապարակնիքների կիրառման համար

Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովելու համար «ԱրմՋիՓիԷս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նշանակվել է Հայաստանի ազգային օպերատոր։ Այս հարցը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերում։
 
Նշվում է, որ ազգային օպերատորի լիազորությունների մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխադրումներին հետևելու համար տեղորոշման կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրականացումը:
Նշենք, որ «ԱրմՋիՓիԷս» ընկերությունը զբաղվում է արբանյակային ռադիոնավիգացիոն համակարգի ներդրմամբ:
 
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ին:
Փաստաթուղթն ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և սահմանում է ԵԱՏՄ – ում ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրումների ժամանակ վերահսկողության նոր տեխնոլոգիական գործիքի ՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառման իրավական հիմքը:
Ընդ որում` համաձայնագրի գործողության ոլորտը տարածվում է բացառապես միության երկու և ավելի երկրների տարածքներով իրականացվող փոխադրումների վրա։
 
Տեղորոշման կապարակնիքը սարք է, որի միջոցով հեռակա կարգով ապահովվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերահսկողությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ նշված տեխնոլոգիայի օգտագործումը հնարավորություն է տալիս հարյուրավոր և հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա առցանց ռեժիմով հետևել տրանսպորտային միջոցին և արձանագրել յուրաքանչյուր անօրինական գործողություն։
Նավիգացիոն կապարակնիքների կիրառման շնորհիվ ապահովվում է փոխադրումների թափանցիկությունը:
Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրման ժամանակ պետական վերահսկողության միջոցների նվազեցմանը և միության տարածքում դրանց օրինական շրջանառության ապահովմանը։

  • Կիսվել: