երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-ն գազի գնման շուրջ բանակցում է Թուրքմենստանի հետ. Մելքումյան

ՀՀ-ն գազի գնման շուրջ բանակցում է Թուրքմենստանի հետ. Մելքումյան

Հայաստանը գազի գնման շուրջ բանակցում է Թուրքմենստանի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ։

 Նա վստահեցրեց, որ գազի գնման հարցը քննարկման փուլում է, և հիշեցրեց, որ օրերս ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել էր Իրան, որտեղ հանդիպել էր տեղի էներգետիկայի նախարարի հետ:

Մելքումյանն ասաց. «Այս պահին այդ սխեման չի գործում, բայց անպայման կաշխատի։  Դրա նպատակներից է Թուրքմենստանից Իրանով, Հայաստանով, Վրաստանով դեպի Ռուսաստան ընդհանուր էներգետիկ միջանցքի ստեղծումը»:

Նրա խոսքով՝ այս պահին աշխատանքներ են տարվում սխեման հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ: Ըստ Մելքումյանի՝ Իրանը ևս մեծապես հետաքրքրված է այս նախագծի իրականացմամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հայտնել էր, որ   Հայաստանը քննարկում է թուրքմենական գազի սվոպային մատակարարումների հնարավորությունները։ Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է Հայաստանին ապահովել գազի մեծ ծավալներով, սակայն առաջարկվող վառելիքի գնի խնդիրը Երեւանին հետ է պահում Թեհրանի այդ նախաձեռնությունից: 

Իրանը, ըստ հայ դիվանագետի, Հայաստանին երբեք ավելի լավ պայմաններ չի առաջարկել, քան Ռուսաստանը։  Ներկայումս քննարկվում է բնական վառելիքի սվոպային փոխանակման հարցը, որի համաձայն՝ Թուրքմենստանը սահմանին իր գազը տրամադրում է Իրանին, իսկ վերջինս էլ իր հերթին իր սահմանին գազի նման ծավալներ է մատակարարում Հայաստան: Դեսպանը հավելել է, որ այժմ քննարկվում է մատակարարումների նման սխեման:

Դեսպանը նաև հիշեցրել էր, որ Հայաստանն արդեն երկար տարիներ Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիր է իրականացնում: Այդ գործարքի շրջանակներում Իրանը Հայաստան գազ է մատակարարում էլեկտրաէներգիայի դիմաց: Նրա խոսքով՝ նախագիծը 2020-ի վերջին պիտի ավարտվի

 

  • Կիսվել: