կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵՄ-ն  մտահոգված է ՀՀ-ից և Ղազախստանից դեպի ՌԴ կենցաղային տեխնիկայի մատակարարումների աճով․ Bloomberg

ԵՄ-ն մտահոգված է ՀՀ-ից և Ղազախստանից դեպի ՌԴ կենցաղային տեխնիկայի մատակարարումների աճով․ Bloomberg

Ռուսաստանի հարևան երկրները, այդ թվում՝ Հայաստանը, մեծ ծավալներով սկսեցին Եվրոպայից ներկրել լվացքի մեքենաներ, սառնարաններ և այլ կենցաղային տեխնիկա։ Ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին գրում Է Bloomberg-ը։

Նշվում է, որ դա եվրոպացի պաշտոնյաների մոտ մտավախություններ է առաջացնում։ Պարբերականը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է փորձել հաղթահարել ներմուծվող կենցաղային տեխնիկայի դեֆիցիտը: Գործակալությունը վկայակոչում է Եվրոպական Միության Eurostat վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանը 2022 թվականի առաջին 8 ամիսներին ԵՄ-ից ավելի շատ լվացքի մեքենաներ է ներկրել, քան վերջին երկու տարում։ Տարվա առաջին կիսամյակում էլեկտրական կթիչների արտահանումը երեք անգամ գերազանցել է նախորդի ցուցանիշները, թեև Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է 4,3 տոկոսով:

Միևնույն ժամանակ Bloomberg-ը գրում է, որ Ղազախստանի կառավարության տվյալները վկայում են Ռուսաստան կենցաղային տեխնիկայի մատակարարումների կտրուկ աճի մասին: Էլեկտրական կթիչների արտահանումը Ղազախստանից տարվա առաջին ութ ամիսների ընթացքում 2021-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է, սառնարանները՝ տասն անգամ: Այս տարվա սկզբից երկիրը Ռուսաստան է մատակարարել 7,5 մլն դոլարի լվացքի մեքենա: Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը գարնանը դադարեցրել է ներմուծման և արտահանման վերաբերյալ վիճակագրության հրապարակումը:

Գործակալությունը չի բացառում, որ խոսքը կարող է լինել ներմուծվող կենցաղային տեխնիկայի դեֆիցիտը հաղթահարելու Ռուսաստանի փորձերի մասին։ Bloomberg-ի փոխանցմամբ, մի շարք եվրոպացի պաշտոնյաներ կարծում են, որ որոշ պահեստամասեր ռուսները կարող են կիրառել ռազմական նպատակներով: Արևմտյան երկրների իշխանությունների ներկայացուցիչներն ավելի վաղ արդեն պնդում էին, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ռուսական տանկերում հայտնաբերվել են սառնարանների և լվացքի մեքենաների մասեր:

Bloomberg-ի կողմից հարցված եվրոպացի պաշտոնյաները նշում են, որ կենցաղային տեխնիկան պատժամիջոցների տակ չէ, ուստի դժվար է վերահսկել դրա մատակարարումները ԵԱՏՄ երկրներ: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերը հայտարարել է, որ դաշինքը փորձում է հետևել առևտրային հոսքերին՝ պարզելու համար,արդյոք հնարավո՞ր է շրջանցել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նշվում է, որ Աստանայում և Երևանում չեն պատասխանել գործակալության հարցումներին։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: