հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՀՀ և Լաոսի դիվանագետներն ու պաշտոնյաները միմյանց երկրներ կայցելեն առանց մուտքի արտոնագրի

ՀՀ և Լաոսի դիվանագետներն ու պաշտոնյաները միմյանց երկրներ կայցելեն առանց մուտքի արտոնագրի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Լաոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. ապրիլի 21-ին: Վիետնամում ՀՀ դեսպանը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Լաոսում, իսկ ՌԴ-ում ԼԺԺՀ-ի դեսպանը՝ Հայաստանում: Հայաստանը և Լաոսն արդյունավետ համագործակցում են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

2021թ. ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ Լաոսի պաշտոնական ներկայացուցիչների հետ ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարության և Լաոսում Հայաստանի Հանրապետության դեսպանի հետ հանդիպումների ժամանակ առաջարկվել և երկուստեք դրական է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման հարցը:

Համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես՝ պաշտոնական փոխայցելությունների խթանմանը: Հարկ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն աշխուժացել են քաղաքական շփումները երկու երկրների դիվանագետների միջև, սպասվում է նաև ՀՀ և ԼԺԺՀ արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների կանոնավոր ձևաչափի ստեղծում։

Համաձայնագրի նպատակն է՝ յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական և պաշտոնական/ծառայողական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից: Այն կվկայի երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին, ինչը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման հարցում։

  • Կիսվել: