ՀՀ ԱԺ հանձնաժողովը հետաձգեց գույքահարկի վրա հաշվարկվող տուգանքներին վերաբերող օրենքի նախագծի քննարկումը
Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված 9 հարցերից երկուսին անդրադարձը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով։ Նիստի սկզբում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Երկու հարցերն էլ վերաբերում են Հարկային օրենսգրքին և նախատեսում են օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարում։ Դրանցից մեկը վերաբերում է գույքահարկի վրա հաշվարկվող տուգանքներին։ Հիմնական զեկուցողը պետք է լիներ Կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ լսումը հետաձգվել է, քանի որ համայնքների ղեկավարների մասնակցությամբ նախատեսված քննարկումը դեռ տեղի չի ունեցել։
Օրենքի մյուս նախագծի քննարկումը հետաձգվել է, քանի որ հիմնական զեկուցող՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հարգելի պատճառով չէր կարողացել ներկայանալ հանձնաժողովի նիստին։