ՀԷՑ–ի այն աշխատողները, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի կբերեն, պետականացումից հետո կազատվեն աշխատանքից. Փաշինյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ այս պահին, երբ դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի հարցը, տեղի է ունենում «մինի ցույց», և այդ ցույցի բազմամարդ կադրերն ապահովելու համար ՀԷՑ-ից և ոչ միայն ՀԷՑ-ի անձնակազմից ստիպողաբար մարդկանց տանում են դատարանի մոտ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե նման ահազանգ կա, ապա դա հաղորդում է հանցագործության մասին, և իրավապահները դրանով կզբաղվեն, ապա հայտարարեց.
«Հեսա շատ արագ ՀԷՑ-ը լինելու է պետական սեփականություն: ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա (այ հիմա մենք կֆիքսենք) այդ գործողությունն անում են և մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, տեսեք, որ չասեն՝ վա՛յ, բա գիտե՞ք և այլն… Բոլորը ազատվելու են աշխատանքից… Ոչ մեկին ներում չի լինելու»:
Ինչ վերաբերում է այն աշխատողներին, որոնք կահազանգեն և կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ, և կոնկրետ ցուցմունքներ կտան, ըստ Փաշինյանի, նրանք չեն ազատվի աշխատանքից, որովհետև իշխանությունը բավարար լծակներ ունի այդ մարդկանց պաշտպանելու համար:
«Ովքեր իրավապահ մարմինների հետ կհամագործակցեն, ցուցմունք կտան և այլն, համագործակցող աշխատողները կխրախուսվեն: Իսկ նրանք, ովքեր այդ տրամաբանությամբ կհրաժարվեն մասնակցել հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա: Մենք կկարողանանք նրանց պաշտպանել, և պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել:
Իսկ նրանք, ովքեր ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ, թե հետո «Տաշիր պիցցայում» կկարոնանա՞ն աշխատել, թե՞ չեն կարողանա աշխատել: Վստահ չեմ, անկեղծ ասած, որ կարող են թեկուզ «Տաշիր պիցցայում» որևէ բան աշխատել»,- ասաց նա: