ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան

Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան

Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգաանվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ:
 
«Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Հայաստանում ներկայում փուլային անցում է կատարվում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորությունները, իրականացնում է էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում։ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ, ներմուծման, արտահանման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման ավելացման համար: Այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ կարևոր է նաև ածխածնային չեզոքության և կանաչ էներգիայի զարգացման հասնելը: Այս հարցերն ամուր տեղ են գտել էներգետիկ և տնտեսական օրակարգում։
Փաշինյանը կարևոր համարեց վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Դրանք կարող են խթանել տնտեսական աճը և նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանը։ Հայաստանի վարչապետը վստահ է՝ ներդրումներ կատարելով այս ոլորտում ՝ կարելի է մեծացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ներդրումը:
Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը։ Այն առանցքային դեր է խաղում ԵԱՏՄ երկրների էներգաանկախության և էներգաանվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն աշխատանքներ է տանում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ՝ այն համարելով առաջնահերթություն երկրի էներգետիկ քաղաքականության մեջ:

  • Կիսվել: