ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով նոր ինտերնետային մալուխ անցկացնել. նախարար

Հայաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով նոր ինտերնետային մալուխ անցկացնել. նախարար

Հայաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով նոր ինտերնետային մալուխ անցկացնել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
 
Նրա խոսքով` այս որոշման համար հիմք է հանդիսացել ոչ միայն տեղեկատվական անվտանգության խնդիրը, այլև այն հանգամանքը, որ Բուլղարիայից Վրաստան եկող մալուխը սպասարկող «Caucasus Online» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը (51%) վաճառել էր ադրբեջանական «Nexol Holding» ընկերությանը:
 
«Օպերատորների մեջ կա նաև ադրբեջանական կողմ։ Մենք պատերազմի ժամանակ որոշակի խնդիր ունեցանք։ Մենք սա գիտենք և արդեն հետաքրքրվել ենք, որ հնարավորություն կա նոր մալուխ անցկացնելու` Սև ծովի հատակով դեպի Վրաստան ու Հայաստան»,– ասաց Խաչատուրյանը։
 
Նոր մալուխը, Վահագն Խաչատրյանի հավաստմամբ, արդեն զերծ կլինի ադրբեջանական ցանկացած միջամտությունից և կունենա առանձին, անկախ օպերատոր, ընդ որում` չի բացառվում, որ օպերատորը լինի հայկական ընկերություն։
«Կախված է նրանից, թե վրացական կողմը ինչ ձևով կցանկանա մասնակցել։ Այսօր իրենց հետ բանակցություններ չկան, բայց մենք կարող ենք բանակցել, և եթե ցանկություն լինի, կարող ենք նաև համատեղ իրականացնել այդ օպերատորական կառավարման աշխատանքը»,– ասաց Խաչատուրյանը։
 
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական կողմին, նախարարի խոսքով` հանուն տեղեկատվական անվտանգության ապահովման` ՀՀ կառավարությունը չի խուսափում նաև սեփական միջոցներով իրականացնելու նախագիծը, բայց չի բացառվում, որ այդ նպատակի համար կօգտագործվի Եվրոպական միության կողմից առաջիկա 5 տարիների համար Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրո աջակցությունը։
 

«Շատերը կարծում են, որ դա պարզապես գրանտ է լինելու։ Դա գրանտ չէ, մի մասը կարող է վարկ լինել, մի մասը` այլ եղանակով։ Մենք առաջարկեցինք, որ այդ հարցը քննարկենք ԵՄ–ի հետ, որովհետև դա Արևելյան գործընկերության տրամաբանության մեջ է։ Այսինքն` Եվրոպա, Հայաստան, Վրաստան ստանում են անկախ ինտերնետային մալուխ, որը կապահովի մեր անվտանգությունը»,– ասաց նախարարը։

Նշենք, որ Հայստանի ինտերնետ թրաֆիկի շուրջ 80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով։
2020թ–ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի ինտերնետային կապն ապահովող մալուխը մի քանի անգամ վնասվել էր։
Առաջին վնասվածքը հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերի 28-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Վրացական կողմի պարազաբանմամբ` այս մալուխն ապահովում է ինչպես այդ շրջանի ինտերնետային կապը, այնպես էլ Հայաստանի ինտերնետ տրաֆիկը։
Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է սեպտեմբերի 30-ին վրացական Օրոզմանի շրջանում։ Այստեղ անհայտ անձը փորել էր հողը, ինչի հետևանքով վնասվել է Եվրոպայից Ասիա եկող Փոթի– Թբիլիսի– Բոլնիսի– Դմանիսի– Հայաստան կապն ապահովող օպտիկամանրաթելային մալուխը։
Հայաստանի ինտերնետ մալուխը Վրաստանում տարօրինակ հանգամանքներում վնասվել էր նաև 2011թ–ին, երբ վրացական կողմի պարզաբանմամբ, այն վնասել էր մի տարեց կին` իր այգու հողը փորելու ժամանակ։
 
Թոշակառուն ձերբակալվել էր ու խոստովանել, որ դա արել է պղինձը վաճառելու նպատակով։

  • Կիսվել: