հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանը և Ուկրաինան ստորագրեցին արձանագրություն մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին

Հայաստանը և Ուկրաինան ստորագրեցին արձանագրություն մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին

2021 թ. սեպտեմբերի 14-ը, Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարի խոսքով, նշանավոր օր է Ուկրաինայի և Հայաստանի համար, քանի որ երկարատև ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, որի ընթացքում երկու երկրները պայմանավորվեցին՝ ինչպես կարելի է բարելավել փոխշահավետ համագործակցությունը, ինչպես բարելավել մարդկանց կյանքի որակը և ավելի լավ ապագա ստեղծել Ուկրաինայի և Հայաստանի համար: Այդ մասին Մարինա Լազեբնայան հայտարարեց միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը տեղեկացրեց, որ իր հետ մեծ պատվիրակություն է եկել, որի մեջ ընդգրկված են պաշտոնյաներ տարբեր նախարարություններից և գերատեսչություններից՝ ներառյալ էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բժշկությունը, կրթությունը և մշակույթը: Այս համատեքստում նա ընդգծեց Ուկրաինայի հայ համայնքը կարևոր դերն ու կշիռը ինչպես երկրում ընդհանրապես, այնպես էլ՝ հայ-ուկրաինական հարաբերություններում:

«Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է շեշտը դնել նաև սոցիալական ոլորտի վրա, քանի որ Ուկրաինայում շատ մեծ հայկական սփյուռք կա, և նրանք նույնպես ուշադիր հետևում են՝ ինչ է արվում մեզ մոտ՝ Ուկրաինայում: Եվ ես վստահ եմ, որ նրանք կուզենային, որ մենք ավելի շատ համագործակցենք և ավելի շատ զարգացնենք մեր հարաբերությունները և որ մեր համաքաղաքացիները գոհ լինեն կյանքի որակից ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում», - ասաց ուկրաինացի նախարարը:

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը, որի ավարտին կողմերը ստորագրեցին համապատասխան արձանագրություն:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ստորագրված ընդարձակ փաստաթուղթը ենթադրում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, սոցիալական քաղաքականություն, թվային տրանսֆորմացիա և մի շարք այլ բնագավառներ:

«Կարծում եմ, որ մեր կողմից ստորագրված արձանագրությունը շատ լավ մեկնարկային կետ կլինի երկկողմ հարաբերությունները էապես բարելավելու համար», - մեկնաբանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բացի այդ, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկոն  ստորագրեցին «Հուշագիր Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով ազգային խորհրդի միջև հեռուստատեսության, ռադիոհաղորդակցության կարգավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:

  • Կիսվել: