շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը` ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից

Հայաստանը 64 մլն դոլարով կավելացնի իր բաժնեմասը` ԵԱԶԲ-ում բաժնետոմսեր գնելով Ռուսաստանից

Հայաստանի խորհրդարանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկում բաժնային մասնակցությունը 0,07 տոկոսից մինչև 4,23 տոկոս ավելացնելու մասին նախագիծը: Հայ-ռուսական համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդունվել է 55 կողմ, 19 ձեռնպահ ձայներով:

Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը, Ռուսաստանը Հայաստանին 64 մլն դոլարի բաժնետիրական փաթեթ կվաճառի: Հայաստանն այդ գումարը կվճարի 4 տարվա ընթացքում (2024-27 թթ) 16-ական մլն դոլարով (ռուբլուն համարժեք): Արդյունքում Հայաստանի վարկային քվոտան 287 մլն դոլարից կհասնի 500 մլն դոլարի (ներկայում այն կազմում է 256 մլն դոլար)։

Փոխնախարարը հիշեցրել է, որ ԵԱԶԲ-ն վարկավորում է ոչ միայն բանկերին, այլև Հայաստանի շինարարական ոլորտը (տարեկան միջինը 6-7%-ով): Բիզնեսը, որը զարգացման ծրագրերի համար վարկավորում է ստացել ԵԱԶԲ-ից, կարողացել է հանրապետությունում ավելի քան 200 նոր աշխատատեղ ստեղծել։
 
Նախարարը նշել է, որ Ռուսաստանից բանկի մյուս մասնակից երկրներին (Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան) բաժնային պորտֆելի վերաբաշխման մասին որոշումն ընդունել է բանկի խորհուրդը` հաշվի առնելով միջազգային վարկանշային կազմակերպությունների (մասնավորապես Standard & Poor's-ի) խորհուրդները:
Դրանց համաձայն`բանկի կապիտալում Ռուսաստանի մասնաբաժինը 65,98%-ից կկրճատվի մինչև 44,8%, իսկ բանկի խորհրդում որոշումը կընդունվի ոչ թե 50%, այլ 75% մեծամասնությամբ: Այս բոլոր առաջարկներն արվել են բանկի կառավարման դիվերսիֆիկացման համար: Հակոբյանը նշել է, որ դա կբարձրացնի վստահությունը միջազգային այն ներդրողների համար, որոնք ձեռք են բերում դրա պարտատոմսերը։
 
Այստեղ նա նկատել է, որ անցյալ տարի ԵԱԶԲ-ն կարողացել է ֆինանսական շուկաներում նոր ռեսուրսներ ներգրավել։ Դա հաստատում է, որ բանկի` միջազգային պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերը մեծ չեն:

  • Կիսվել: