երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ

Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․ բյուջեից կպահանջվի 30 մլրդ դրամ

Հայաստանում նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից ներդնել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգ, որի համար պետական բյուջեից կպահանջվի շուրջ 30 միլիարդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։

Համապատասխան օրենսդրական փաթեթը մշակել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը և ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։

Նախագծով առաջարկվում է վերանայել պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները, ներդնել կատարողականի գնահատման հիմքով լրավճարների համակարգ և փոփոխել պարգևատրումների գործող մեխանիզմը։

«Նախագծի ընդունմամբ կներդրվի վարձատրության, այդ թվում՝ կատարողականի գնահատման նոր համակարգ, ինչը թույլ կտա վարձատրության չափը համարժեքորեն պայմանավորել պատասխանատվության և կոմպետենցիաների մակարդակով, ինչպես նաև աշխատանքի գրանցած արդյունքներով՝ որպես աշխատանքի արդյունավետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման էական գործոն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Կատարողականի գնահատումը սահմանվում է որպես պետական մարմնի նպատակների և ձեռք բերված արդյունքների փաստահենք համեմատություն՝ չափելի ցուցանիշների և ստուգելի մեթոդների հիման վրա։ Գնահատման արդյունքները հիմք կհանդիսանան պետական մարմիններին խրախուսական միջոցներ հատկացնելու և աշխատակիցներին լրավճարներ տրամադրելու համար։

Նախագծով լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական և լրացուցիչ աշխատավարձի ընդհանուր չափի 60 տոկոսը։ Այս սահմանափակումը չի տարածվի պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության և ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, արտաքին հետախուզության, քրեակատարողական, փրկարար և պրոբացիայի ծառայությունների աշխատակիցների վրա։

Պարգևատրումները նախատեսվում է տրամադրել միայն հատուկ առաջադրանքների կատարման համար։ Յուրաքանչյուր պետական մարմնի պարգևատրման ֆոնդը չի կարող գերազանցել տվյալ մարմնի համալրված հաստիքների աշխատավարձի ֆոնդի 2 տոկոսը։ Աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից պարգևատրումներ տրամադրել չի թույլատրվի։

Բազային աշխատավարձը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանելու փոխարեն առաջարկվում է օրենքով ամրագրել 83 հազար 200 դրամի չափով։

Կվերանայվեն նաև պետական պաշտոնյաներին և ծառայողներին տրվող հավելումներն ու հավելավճարները։ Դատախազներին, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին տրվող որոշ հավելումների չափը նախատեսվում է 92 տոկոսից նվազեցնել մինչև 50 տոկոս, իսկ մի շարք այլ պաշտոնների համար գործող հավելումները վերացնել՝ դրանք հնարավորինս ներառելով հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցներում։

Դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատախազների, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների համապատասխան պաշտոնատար անձանց աշխատանքային ստաժի համար տրվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը։

Նախագծով նախատեսվում է նաև վերանայել իրավապահ որոշ կառույցների ծառայողների կենսաթոշակային երաշխիքները։ Դատախազի, Քննչական կոմիտեի քննիչի, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն և Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած որոշ անձանց համար կենսաթոշակի իրավունքի պայմաններից մեկը կլինի 60 տարին լրացած լինելը։

Նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական և լրացուցիչ աշխատավարձի ընդհանուր չափի նվազեցմանը։ Եթե նոր կարգով հաշվարկված աշխատավարձը ցածր լինի նախկինում վճարվածից, գործող չափը կպահպանվի մինչև նոր հաշվարկով դրան հավասարվելը կամ գերազանցելը։

Օրենսդրական փոփոխությունների հիմնական մասը նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

  • Կիսվել: