հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանում 2026 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները մեկամյա կտրվածքով աճել են 13.4 տոկոսով

Հայաստանում 2026 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները մեկամյա կտրվածքով աճել են 13.4 տոկոսով

Հայաստանում 2026 թվականի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալները 13.4 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 748 մլրդ 800 հազար դրամ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Մարտին՝ փետրվարի համեմատ, արտադրության ծավալը կրճատվել է 2 տոկոսով, սակայն 7 տոկոսով գերազանցել է 2025-ի մարտի ցուցանիշը: Մարտին թողարկված արդյունաբերական արտադրանքի արժեքն ընթացիկ գներով 256 մլրդ 521.4 մլն դրամ է:

Այս  գումարից  60 մլրդ 969.5 մլն դրամը գոյացել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքից: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այս ոլորտի արտադրանքը 36.8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 163 մլրդ 889.9 մլն դրամ: Ոլորտի արտադրանքի ծավալը մարտին՝ փետրվարի համեմատ աճել է 17.7, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 28 տոկոսով:    

Մշակող արդյունաբերության արտադրության ծավալն այս տարվա առաջին եռամսյակում 9.5 տոկոսով ավելին է եղել, քան 2025-ի նույն ժամանակահատվածում՝ կազմելով 458 մլրդ 410.6 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ կրճատվել է 9.6, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 1.3 տոկոսով: Գարնան առաջին ամսվա արտադրանքը գնահատվում է 155 մլրդ 815.5 մլն դրամ:

Էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման գծով աճը 7 տոկոս է: Առաջին եռամսյակում այն գնահատվում է 118 մլրդ 171.7 մլն դրամ, իսկ միայն մարտին՝ 37 մլրդ 172.5 մլն դրամ: Մարտին՝ փետրվարի համեմատ աճը 6, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 7.9 տոկոս է:

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում կետով աճը 2026-ի առաջին եռամսյակում մեկամյա կտրվածքով 4.1 տոկոս է, գնահատվում է 7 մլրդ 528.6 մլն դրամ, որից 2 մլրդ 563.9 միլիոնն ապահովվել է մարտին: Մարտին՝ փետրվարի համեմատ աճը 4.2, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ՝ 2.9 տոկոս է:

 

  • Կիսվել: