երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ. տնտեսագետները՝ արտահանման աճի գործոնների մասին

Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ. տնտեսագետները՝ արտահանման աճի գործոնների մասին

Հայաստանը նախորդ տարվա 11 ամսում՝ հունվար-նոյեմբերին, արտահանել է 6 մլրդ 946 մլն 382.5 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ գրանցելով 44.7 տոկոս աճ: Հայաստանից ամենաշատն արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, երրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման ծավալներում ևս 41 տոկոս աճ է գրանցվել․ ծավալով առաջատարը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են: Տնտեսագետները արտահանման աճին նպաստող գործոնների վերաբերյալ տարբեր տեսակետներ ունեն. տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն արտահանման նման աճը կապում է մեծամասամբ վերաարտահանման հետ, իսկ տնտեսագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Էլիզա Մաթևոսյանը կարծում է, որ արտահանման ընդամենը որոշ հատվածն է վերաարտահանումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Օրբելի» վերլուծական կենտրոնի հետազոտող Էլիզա Մաթևոսյանը նկատեց, որ թեև արտահանումն աճել է 44.7 տոկոսով, իսկ ներմուծումը 41, սակայն ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի մեծ է՝ շուրջ 11 մլրդ ԱՄՆ դոլար: «Սա ազդում է զուտ արտահանման հաշվեկշռի վրա: Եվ գաղտնիք չէ, որ Հայաստանը մշտապես կանգնել է առևտրային բացասական հաշվեկշիռ ունենալու խնդրի առջև: Սակայն ներկայում նկատվում է արտահանման և ներմուծման քիչ տարբերություն, որն էլ նպաստում է արտահանման և ներմուծման խզվածքի փոքրացմանը: Հայաստանում արտահանման նման առաջանցիկ աճը դիտարկվում է հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, որը պայմանավորված է ինչպես վերաարտահանմամբ, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքախմբերի զգալի աճով»,-ասաց Մաթևոսյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2023-ի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել են 2 մլրդ 136 մլն 342 հազար դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 2022-ի 11 ամսվա նկատմամբ ավելանալով 2.4 անգամ: Արտահանման ծավալով երկրորդը մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 1 մլրդ 193 մլն 140 հազար դոլարի՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելանալով 89.1 տոկոսով: Ծավալով երրորդը հանքահումքային արտադրանքն է․ հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել է  817 մլն 317.1 հազար դոլարի հանքահումքային արտադրանք, թեև այն 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.6 տոկոսով:

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը արտահանման նման աճը հիմնականում պայմանավորում է վերաարտահանումով՝ հիշեցնելով Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին: Նա այս գործոնի հետ է կապում Հայաստանից մեքենասարքավորումների, ադամանդի արտահանման մեծ աճը:  Խուրշուդյանը, սակայն, նշում է, որ այս տարվա հունվարից ուժի մեջ են մտել Ռուսաստանից ադամանդի արտահանման հետ կապված թիրախային սահմանափակումներ: «Ես չէի ասի, որ մենք ապրանքների բնական արտահանման աճ ենք ունեցել: Սակայն ծառայությունների գծով ունեցել ենք արտահանման աճ»,-նշեց տնտեսագետը:

Տնտեսագետ Էլիզա Մաթևոսյանը, անդրադառնալով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանմանը, նկատեց, որ դրանք կազմել են արտահանման ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 30 տոկոսն այն դեպքում, երբ 2022-ի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 18.5 տոկոս: Նա նշեց՝ տոկոսային այդ մեծ փոփոխությունն էլ նպաստել է ընդհանուր արտահանման նման առաջանցիկ աճին:

«Այս ապրանքախմբի ներքո հիմնականում դիտարկվում են ադամանդը, ոսկին, ոսկերչական իրերն ու զարդերը»,-ասաց Մաթևոսյանը:

Մաթևոսյանը, սակայն, ի տարբերություն Խուրշուդյանի, համարում է, որ արտահանման որոշակի հատվածն է միայն վերաարտահանումը, քանի որ արձանագրվում է  նաև արտադրության աճ: Տնտեսագետը նշեց՝ ոսկու արտադրությունը հիմնականում աճել է: Նա նկատում է ոսկու վերամշակման աճի միտում: «2023-ի նոյեմբերին ոսկու վերամշակումն աճել է 13.7 անգամ»,-ասաց Մաթևոսյանը:

Բացի այդ՝ Մաթևոսյանը նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է: «Հատկապես վերջին ժամանակաշրջանում հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկը ռուսական շուկայում էապես աճել է՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով, որն էլ Հայաստանի տնտեսավարողներին դրդել է ավելի մեծ ծավալով արտահանում իրականացնել»,-հավելեց նա:

Մաթևոսյանը նկատեց, որ արտահանման ծավալներում նաև էական է եղել Հայաստանից պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը․ 11 ամսում՝ 803 մլն 603.5 հազար դոլար:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2023-ի 11 ամսում Հայաստան ներմուծումը կազմել է 10 մլրդ 931 մլն 447.4 հազար դոլար՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 41 տոկոսով:

Հայաստանը 2023-ի 11 ամսում ամենաշատը ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 2 մլրդ 289 մլն 407 հազար դոլարի՝ 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցելով 48 տոկոս աճ: Ներմուծման ծավալներով երկրորդը թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերն են՝ 1 մլրդ 733 մլն 625.9 հազար դոլար, 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.8 անգամ է: Ըստ վիճակագրության՝ երրորդը վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ապրանքախումբն է, ներմուծման ծավալը կազմել է 1 մլրդ 719 մլն 667.4 հազար դոլար՝ 2022-ի 11 ամսվա նկատմամբ աճելով 2.2 անգամ:

Ներմուծման ավելացման համատեքստում երկու տնտեսագետներն էլ երկրում պահանջարկի աճ են տեսնում:

«Ներմուծման ավելացմանը հիմնականում նպաստել են երկրում պահանջարկի բարձր աճը և արտահանման հնարավորությունների մեծացման պայմանները, որն էլ դրդել է ավելի շատ ներմուծում իրականացնելուն»,-ասաց Մաթևոսյանը՝ նկատի ունենալով վերամշակումն ու արտահանումը:

Ըստ նրա՝ ներմուծման աճին նպաստել է հատկապես արժևորված ազգային արժույթը:

Իսկ Աշոտ Խուրշուդյանը հետևյալ համոզմանն է. «Հայաստանում բնական պահանջարկի աճ կա՝ կապված Ռուսաստանից Հայաստան տեղափոխված բնակչության պահանջարկով: Մոտ 700 մլն դոլարի պահանջարկ է աճել, ինչը, բնականաբար ենթադրում է ներմուծման աճ»:  

Ըստ նրա՝ ներմուծման աճին նպաստած մյուս գործոնը կապված է վերաարտահանման հետ:

  • Կիսվել: