ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից արագ է աճում. ԿԲ նախագահի տեղակալ

Հայաստանի տնտեսությունն իր պոտենցիալից արագ է աճում. ԿԲ նախագահի տեղակալ

Հայաստանի տնտեսությունն աճում է իր պոտենցիալից մի փոքր արագ։ Այսօր ԱԺ-ում 2022թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նկատեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` հավելելով, որ այս իրողությունից ելնելով, ԿԲ-ն ներկա պահին սպասողական դրամավարկային զսպող քաղաքականություն է վարում։

«Մենք սպասում ենք, որ գնաճային սպասումները մի փոքր մեղմվեն, տնտեսական պոտենցիալը, տարբեր տեսակի ծրագրերի, ներդրումների, մնացած բոլոր գործոնները հաշվի առած՝ արձագանքի, նոր մենք համարենք, որ կարելի է պահանջարկը բաց թողնել ավելի մեծ չափով։ ԲԿ-ն շատ է ուզում, որ Հայաստանը երկնիշ տնտեսական աճով անընդհատ աճի, բայց ԿԲ-ն մի քիչ երկար ցիկլերով է նայում ու անընդհատ հետևում է տնտեսական պոտենցիալի վիճակին»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ԿԲ-ում գերադասում են մեղմումը մի քիչ ուշացել, քան շտապել ու սխալվել։

ԿԲ նախագահի տեղակալն իր խոսքում նաև հայտնեց, որ 2022-ի տարեվերջյան 8.3 տոկոսից գնաճը այս պահին նվազել է մինչև 3.2 տոկոսի։ Կանխատեսումների համաձայն, առաջիկայում էլ ավելի նվազում է սպասվում։

«Շատ հաճելի է տեսնել, որ 2 տարի տևած բարձր գնաճային միջավայրից հետո և համաշխարհային տնտեսությունն է մեղմվում, և մեր գնաճային ազդեցություններն են չեզոքացվում։ Բայց դեռ կան մի քանի միտումներ, մասնավորապես` ծառայությունների գներն են պահպանվում բարձր մակարդակի վրա, կա պահանջարկի էական աճ, ու այդ պահանջարկը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել բնական հուն` ապահովելու տնտեսական պոտենցիալին համահունչ տնտեսական աճ»,-ասաց Խաչատրյանը։

ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ ԿԲ-ն հիմա ուսումնասիրում է, թե ինչ հետագիծ է ունենալու ծառայությունների պահանջարկը` իր հետագա քայլերը ճշգրտելու համար։

  • Կիսվել: