Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում բարելավված վթարավտանգ հատվածներում նվազել են ՃՏՊ-ները
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2021-2024 թթ. իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ավտոճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերի, 1 միջպետական ճանապարհի 38.4 կմ երկարությամբ հատվածի անվտանգության տարրերի բարելավման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ծրագրի ավարտից հետո (2024 թ. վերջ) ՀՀ ՆԳՆ կողմից տրամադրված տվյալների հիման վրա կատարվել են վերլուծություններ, որոնք ցույց են տվել, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվել են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ, նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) քանակը (այդ թվում՝ մահվան ելքով)։ Մասնավորապես, 2019-2023 թթ. միջին տարեկան ցուցանիշների նկատմամբ 2024 թ. տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ ՃՏՊ-ների քանակը ծրագրի շրջանակներում ընդգրկված ճանապարհահատվածների վրա ընդհանուր առմամբ նվազել է 72.6 տոկոսով։
Նշենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։