երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում

Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում

Ապրիլի 13-ին կայացավ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։

ԿԲ-ից հայտնում են, որ բացման արարողությանը հանդես եկան Սիսիանի մշակութային կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի մենակատարները՝ Սիսիանի Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի և Աղվան Մինասյանի անվան ստեղծագործական կենտրոնի սաների հետ միասին։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։

Այցելուները ծանոթացան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, այնուհետև ներկայացվեց դասընթաց փողի և անձնական ֆինանսերի ճիշտ կառավարման և դրա կարևորության մասին: Դասընթացից հետո տեղի ունեցավ Արփի Մաղաքյանի «Արտավազդ արքայի հեքիաթը» գրքի շնորհանդեսը երեխաների համար։

Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել է ՀՀ բոլոր մարզկենտրոններում, այժմ այն անցկացվում է մարզային մյուս խոշոր համայնքներում:

2023 թվականին դրամի պատմական ուղին ներկայացվել է Ապարանում, ներկայում՝ Սիսիանում. հաջորդ ցուցահանդեսի բացումն ակնկալվում է Նոյեմբերյան քաղաքում:

  • Կիսվել: