երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի չափահաս տղամարդկանց 51,5%-ը, իսկ կանանց 1,8%-ը ծխող է. հետազոտություն

Հայաստանի չափահաս տղամարդկանց 51,5%-ը, իսկ կանանց 1,8%-ը ծխող է. հետազոտություն

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է:
 
ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային միանալով` Հայաստանը ևս, ի թիվս աշխարհի 182 երկրի, որդեգրել է վերջինիս դրույթները` սկսած 2004 թվականից:
 
Անհերքելի է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Մեր երկրում ամեն տարի ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 մարդ: ԱՀԿ մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների համաձայն` Հայաստանի չափահաս տղամարդկանց 51,5%-ը, իսկ կանանց՝ 1,8%-ը ծխող է:
 
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում` նաև նմանակների վրա: Այս արտադրատեսակները ներառում են գրեթե բոլոր ծխախոտ և նիկոտին պարունակող արտադրատեսակները:
 
Օրենքով նախատեսված դրույթների վերահսկողությունը վերապահված է հետևյալ վերահսկողություն իրականացնող մարմիններին.
 
ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումներին վերաբերող իրավական դրույթների կատարումը վերահսկում է Ոստիկանությունը, թեժ գիծ` 1-02.
 
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության սահմանափակումներին վերաբերող դրույթների կատարումը վերահսկում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, թեժ գիծ` 8107.
 
ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքի սահմանափակումներին վերաբերող դրույթների կատարումը վերահսկում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, թեժ գիծ` 010 23 56 00:
 
Ծխախոտի օգտագործումը դադարեցնել ցանկացողների համար առողջապահության նախարարությունը ներդրել է ծխելը դադարեցնելուն ուղղված օժանդակության անվճար թեժ գիծ` 060 44 00 01, որտեղ հոգեբան-խորհրդատուները կօգնեն դիմողին դադարեցնել ծխելը:
 
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:

  • Կիսվել: